BP-ն պնդում է, թե նավթի արտահոսքը շուտով կկանխվի

BP-ն պնդում է, թե նավթի արտահոսքը շուտով կկանխվի

Մեքսիկական ծոցի նավթային ճգնաժամի հարցերով ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով, «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունը զգալի առաջընթաց է արձանագրել նավթի շարունակվող արտահոսքը նվազեցնելու տեսանկյունից:

Ծովակալ Թեդ Ալլենը ամերիկյան «ABC» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, թե BP-ի կողմից այժմ իրականացվող նորոգման աշխատանքները կարող են վերջնականորեն դադարեցնել 2,5 ամսից ավելի շարունակվող բնապահպանական աղետը:

«Բրիթիշ փեթրոլիում»-ի փոխանցմամբ, արդեն այս շաբաթվա ընթացքում բաց օվկիանոս արտանետվող նավթի ողջ ծավալը հնարավոր կլինի կուտակել նավերի միջոցով:

Միաժամանակ, ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հայտարարել է, որ երկրի արդարադատության նախարարության կողմից անցկացվող հետաքննության շրջանակներում հարցաքննվում են նավթի արտահոսքի ականատեսներն ու գործով վկա համարվող անձինք: