«ԱՄՆ-ի մահմեդականների թվում ծայրահեղականության սատարողների աճ չի գրանցվել»

«ԱՄՆ-ի մահմեդականների թվում ծայրահեղականության սատարողների աճ չի գրանցվել»

Նոր ուսումնասիրության համաձայն, մահմեդական ամերիկացիների հիմնական մասը բավարարված է Միացյալ Նահանգներում իրենց կյանքով` չնայած բավականին մեծ թվով մահմեդականներ ԱՄՆ-ում բողոքում են իրենց հանդեպ իրականացվող հսկողության և հետապնդման գործողություններից:
«Փյու հետազոտական կենտրոն»-ի կողմից իրականացված հարցման արդյունքների համաձայն, ամերիկացի մահմեդականների 10-ից 8-ը լիովին բավարարված են իրենց կյանքով, իսկ հետազոտության մասնակիցների նույն թիվը նման դրական գնահատականի են արժանացրել այն համայնքները, որտեղ իրենք բնակվում են:

Հետազոտության մասնակիցների 52 տոկոսը սակայն նշել է, որ մահմեդականներն առանձնացվում են պետական մարմինների կողմից` ահաբեկչական հսկողություն իրականացնելու պատճառով, և հետազոտության նույն թվով մասնակիցներ նշել են, որ անցյալ տարի իրենց նկատմամբ հետապնդում է իրականացվել:

Հետազոտության մասնակիցների կեսից ավելին նշել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո Միացյալ Նահանգներում բնակվող մահմեդականների կյանքը դարձել է ավելի դժվարին:

Նոր հետազոտությունը սակայն չի գրանցել մահմեդական ծայրահեղականությունը սատարողների թվի աճ` ի համեմատ նույն կազմակերպության կողմից 2007 թվականին իրականացված հետազոտության:

Հետազոտության մասնակիցների 81 տոկոսն ասել է, որ քաղաքացիական անձանց նկատմամբ ինքնասպան ահաբեկիչների գործողությունները և բռնության այլ տեսակները որևէ արդարացում չունեն:

Ամերիկայի մահմեդականների կեսից ավելին սակայն նշել է, որ Միացյալ Նահանգներում հոգևորական գործիչները բավարար կերպով հանդես չեն գալիս մահմեդական ծայրահեղականության դեմ:

«Փյու հետազոտական կենտրոն»-ի գնահատականով, Միացյալ Նահանգներում այժմ բնակվում է 2,75 միլիոն մահմեդական, ինչը 400 հազարով գերազանցում է չորս տարի առաջ գրանցված տվյալը: