ԱՄՆ-ի օրենսդիրներին և վարչակազմի պաշտոնյաներին չեն անհանգստացրել Ռուսաստանի պատժամիջոցները

«Այն, ինչ մենք տեսնում ենք մինչև հիմա՝ ցուցակում ներառված անձինք հպարտանում են դրանում ներառված լինելով: Հպարտանում են նրանով, որ սատարել են այն, ինչ ճիշտ են համարել». ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ
Միացյալ Նահանգների պաշտոնյաներն ու օրենսդիրները լուրջ չեն ընդունել Ռուսաստան մուտքի արգելքն ու պատասխան այլ միջոցները, որոնք Ռուսաստանի իշխանություններն ընդունել են՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից Ռուսաստանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցների սահմանմանն ի պատասխան:

Ռուսաստան մուտքն այսուհետև արգելված է ԱՄՆ-ի վեց օրենսդիրներին և ԱՄՆ-ի վարչակազմի երեք պաշտոնյային:

Այս պաշտոնյաներից մեկը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյներն է, որի ներկայացուցիչը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն խոսնակին «չի տխրեցրել տեղի ունեցածը»:

«Խոսնակը հպարտանում է այն հանգամանքով, որ իրեն ներառել են Պուտինի ագրեսիային դիմակայելու պատրաստ անձանց ցուցակում», - ասել է Ջոն Բեյների ներկայացուցիչը:

Նման մեկնաբանություններով հանդես է եկել ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը:

«Եթե, կանգնելով ի պաշտպանություն Ուկրաինայի ժողովրդին, նրա ազատությանը, մեծ ջանքերի շնորհիվ ձեռք բերված ժողովրդավարությանը և երկրի ինքնիշխանությանը, ես ենթարկվել եմ պատժամիջոցների, ապա թող այդպես լինի», - ասել է սենատոր Մենենդեսը:

Ռուսաստանը պատժամիջոցների ենթարկված անձանց ցանկում ներառել է նաև հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնին, որը հայտարարել է, որ չի դադարեցնի պայքարը հանուն Ուկրաինայի, այդ թվում՝ Ղրիմի, ժողովրդավարության և անկախության:

Ռուսաստանի կողմից ընդունված պատժամիջոցների ցանկում սակայն չի ներառված ԱՄՆ-ի արտգործնախարարության որևէ աշխատող:

«Այն, ինչ մենք տեսնում ենք մինչև հիմա՝ ցուցակում ներառված անձինք հպարտանում են դրանում ներառված լինելով: Հպարտանում են նրանով, որ սատարել են այն, ինչ ճիշտ են համարել», ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսակին՝ ներկայացնելով Ռուսաստանի պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշումը: