ԱՄՆ-ի օրենսդիրները քննադատել են Ռուսաստանին՝ Սնոուդենի և այլ հարցերի շուրջ

ՄըքՔեյն. «Պուտինը ՊԱԿ-ի հին գնդապետ է, որը չունի որևէ պատրանք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին»
ԱՄՆ-ի օրենսդիրները շարունակում են քննադատության ենթարկել Ռուսաստանին և, մասնավորապես, նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու պատճառով:

Այսպես, ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնը, հանդես գալով «Ֆոքս Նյուզ Սանդեյ» հեռուստածրագրով, ասել է, թե Պուտինը ՊԱԿ-ի հին գնդապետ է, որը չունի որևէ պատրանք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին, որոնք նրան չեն հետաքրքրում:

«Նա շարունակում է ճնշում գործադրել իր ժողովրդի և իր երկրի լրատվամիջոցների նկատմամբ և գործել ավտորիտար եղանակով», - ասել է ՄըքՔեյնը:

ՄըքՔեյնի համաձայն, Սնոուդենի հետ կապված դրվագը նշան է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև չափազանց վատ հարաբերությունների մասին: Սենատորն ասել է նաև, որ նախագահ Պուտինն «իր մատն է մտցրել Ամերիկայի աչքը»:

ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատական կուսակցությունից սենատոր Ռոբերտ Մենենդեսի համաձայն, Վաշինգտոնի և Մոսկվայի միջև լարվածության պատճառը միայն Էդվարդ Սնոուդենի գործը չէ:

«Ռուսաստանի պաշտոնյաները չեն ընդառաջում մեզ Սիրիայում շարունակվող ողբերգության հարցում: Նրանք չեն ընդառաջում մեզ միջուկային զենքի պաշարների հետագա կրճատման հարցում: Նրանք պատասխան չեն տալիս միասեռականների իրավունքները, ներառյալ օտարերկրյա այցելուների, որոնց կարող են ժամանել Ռուսաստան և ձերբակալվել, իրավունքների ոտնահարման հարցում», - ասել է սենատոր Մենենդեսը:

Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ օրը լրատվամիջոցների հետ ունեցած հանդիպման ընթացքում նախագահ Օբաման ասել է, թե չունի անձնական վատ հարաբերություններ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ: Այնուամենայնիվ, անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Սպիտակ տունը հայտարարել էր երկու պետությունների նախագահների միջև կայանալիք գագաթաժողովի անցկացման ծրագրերը դադարեցնելու մասին: