ԱՄՆ-ում տների գները հասել են ամենաբարձր ցուցանիշների՝ յոթ տարվա ընթացքում

Տների գները բարձրանում են արդեն երեք ամիս անընդմեջ, ինչը վկայում է ԱՄՆ-ի տնտեսության այս կարևորագույն հատվածում շարունակվող վերականգնման մասին
ԱՄՆ-ում տների գները և սպառողների վստահության մակարդակը հասել են մի քանի տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշների:

«Standard & Poor’s» ընկերության կողմից հրապարակվող Քեյս-Շիլերի տների գների ցուցիչի համաձայն, ԱՄՆ-ում այս տարվա մարտ ամսին տների գների գրանցված ցուցանիշներն ավելացել են 10,9 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում գրանցված ցուցանիշի: Սա գների ամենամեծ բարձրացումն է գրեթե յոթ տարվա ընթացքում:

Զեկույցի համաձայն, գները բարձրանում են արդեն երեք ամիս անընդմեջ, ինչը վկայում է ԱՄՆ-ի տնտեսության այս կարևորագույն հատվածում ավելացող պահանջարկի, նվազող առաջարկի և շարունակվող վերականգնման մասին:

Սակայն նույնիսկ այս գներն 28 տոկոսով ավելի ցածր են, քան 2006 թվականին՝ շուկայի գագաթնակետին գրանցված տների գների ցուցանիշները:

Բնակելի տների և աշխատանքի շուկայում գրանցված առաջխաղացման պատճառով ԱՄՆ-ի հաճախորդների վստահության ցուցիչն այս տարվա մայիսին գրանցել է հինգ տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշը՝ հասնելով 76,2 միավոր մակարդակի:

Տնտեսագետներն ու ներդրողները ուշադիր հետևում են հաճախորդների վստահության ցուցիչին՝ փորձելով տեղեկություններ քաղել ԱՄՆ-ում տնտեսական ակտիվությունը գերազանցապես որոշող սպառողական շուկայում առկա պահանջարկի մասին: