ԱՄՆ-ի իշխանությունները օդանավ ոչնչացնելու դավադրություն են կանխել

ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն, իրենց հաջողվել է կանխել դեպի Միացյալ Նահանգներ ուղևորվող օդանավ ոչնչացնելու «ալ-Քայիդա»-ի ծրագրերը:

Նրանք հայտնել են, Եմենում գործող «ալ-Քայիդա»-ի մասնաճյուղը նախատեսում էր դեպի Միացյալ Նահանգներ ուղևորվող օդանավերից մեկով ինքնասպան ահաբեկիչ ուղարկել, որն իր հետ կունենար ներքնաշորի մեջ տեղավորված ռումբ:

ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, առգրավված ռումբը 2009 թվականին Ամստերդամից Դետրոյտ ուղևորվող օդանավը ոչնչացնելու փորձի ընթացքում օգտագործված պայթուցիկ նյութի կատարելագործված տեսակն է եղել, իսկ դավադրությունը նախատեսվում էր իրականացնել Օսամա բին Լադենի ոչնչացման առաջին տարեդարձի կապակցությամբ:

Ըստ Միացյալ Նահանգների իշխանությունների, դավադրությունը բացահայտվել է և ռումբը առգրավվել այն ժամանակ, երբ այն դեռևս որևէ վտանգ չէր սպառնում օդանավերի համար:

ԱՄՆ-ի Սպիտակ տան Անվտանգության խորհուրդը տարածել է հաղորդագրություն, որի համաձայն նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ տեղեկացվել է այս դավադրության մասին ապրիլ ամսին, որից հետո պարբերաբար տեղեկացվում էր իրավիճակի զարգացման մասին: Հաղորդագրության համաձայն, նախագահը վստահ է եղել, որ պայթուցիկը վտանգ չէր ներկայացնում հասարակության համար:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Պանետան, երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հրաժարվել է անվտանգության ուժերի կողմից իրականացված գաղտնի գործողության մասին մանրամասներ հաղորդելուց՝ հավելելով սակայն, թե այս միջադեպը ապացուցում է, որ Միացյալ Նահանգները պետք է զգոն մնա՝ նման հարձակումները կանխել ունակ լինելու համար: