«ԱՄՆ-ում անօդաչու օդանավերը հազվադեպ են օգտագործվում»

ՀԴԲ-ի տնօրենը սակայն չի նշել, թե ԱՄՆ-ի տարածքում ինչ նպատակով են օգտագործվում անօդաչու սարքերը
ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենն ասել է, որ իր գլխավորած գործակալությունը հազվադեպ է օգտագործում անօդաչու օդանավերը Միացյալ Նահանգների տարածքում, սակայն չի նշել, թե ինչ նպատակով են օգտագործվում այդ սարքերը:

Միացյալ Նահանգների իշխանություններն արդեն մի քանի տարի են օգտագործում անօդաչու օդանավերը երկրի հարավային և հյուսիսային սահմանների վերահսկողության նպատակով: ԱՄՆ-ի Կոնգրեսում չորեքշաբթի օրը կայացած լսումների ժամանակ ՀԴԲ-ի տնօրեն Ռոբերտ Մյուլերն ասել է, որ Միացյալ Նահանգների տարածքում անօդաչու սարքերն օգտագործվում են նաև այլ նպատակներով:

Մյուլերը «շատ և շատ նվազագույն» է անվանել Միացյալ Նահանգների ներսում անօդաչու օդանավերի կիրառումը՝ հավելելով սակայն, որ գործակալությունը դեռ նոր է սկսել անօդաչու օդանավերի կիրառման քաղաքականության մշակումը:

«Պետք է ասեմ, որ այս հարցում մեր ազդեցությունը չնչին է: Մենք ունենք մի քանի սարք և դրանք օգտագործում ենք սահմանափակ նպատակներով. մենք ուսումնասիրում ենք ոչ միայն սարքերի օգտագործումը, այլև դրանց կիրառման համար անհրաժեշտ ուղենիշները», - ասել է Մյուլերը:

Մյուլերն ասել է, որ երկրի ներսում անօդաչու օդանավերն օգտագործվում են «այն դեպքերում, երբ անհրաժեշտ է կիրառել դրանցով տրամադրվող հնարավորությունները», սակայն չի նշել, թե երբ է առաջանում նման անհրաժեշտությունը: