Քրիստոնյաների դեմ հարձակումն Իրաքում դատապարտվել է ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից

«Իրաքում քրիստոնյաների համայնքը, ինչպես նաև անմեղ բազմաթիվ իրաքցիներ, բազում տարիներ շարունակ ենթարկվում է ահաբեկիչների կամայական և անմիտ հարձակումների»
«ԱՄՆ-ի դեսպանությունը վճռականորեն դատապարտում է Բաղդադի Դորա թաղամասում իրականացված հարձակումը, որն ուղղված էր Սուրբ Ծննդյան տոնակատարություն անցկացնող քրիստոնյաների դեմ: Ցավակցություն ենք հայտում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում՝ վնասվածքներ ստացածներին»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունը՝ արձագանքելով քրիստոնյաներով բնակեցված Դորա թաղամասում տեղի ունեցած հարձակումներին, որոնցից մեկն իրականացվել էր բացօթյա շուկայում, մյուսը՝ եկեղեցիներից մեկի մոտ սուրբծննդյան պատարագից հետո:

Հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ: Որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար, սակայն «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող սունի զինյալները հաճախակի են հարձակումներ իրականացնում Իրաքում փոքրամասնություններ կազմող քրիստոնյաների և շիա մահմեդականների համայնքների ուղղությամբ:

«Իրաքում քրիստոնյաների համայնքը, ինչպես նաև անմեղ բազմաթիվ իրաքցիներ, բազում տարիներ շարունակ ենթարկվում է ահաբեկիչների կամայական և անմիտ հարձակումների: Միացյալ Նահանգները նողկալի է համարում նման հարձակումները և վերահաստատում է Իրաքի կառավարության հետ իր գործընկերությունը՝ ահաբեկչության չարիքի դեմ պայքարի գործում», - ասված է Իրաքում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության մեջ: