ԱՄՆ-ում կայացած ընտրություններում հաղթանակ է տարել Հայ Դատի գրասենյակի կողմից սատարվող թեկնածուների մեծամասնությունը

ԱՄՆ-ում կայացած ընտրություններում հաղթանակ է տարել Հայ Դատի գրասենյակի կողմից սատարվող թեկնածուների մեծամասնությունը

Երեկ ավարտված միջանկյալ ընտրություններում Հայ Դատի գրասենյակի կողմից սատարվող թեկնածուների 90 տոկոսը հաղթանակ են տոնել:

«Միանում ենք ամբողջ երկրում բնակվող ամերիկահայերին` շնորհավորելով ընտրություններում հաղթանակած երկու կուսակցությունների թեկնածուներին, և Կոնգրեսի նորընտիր անդամներից և առաջնորդներից ակնկալում կառուցողական համատեղ աշխատանք», - ասել է Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Հատկապես հպարտ ենք, որ մեր համայնքն առանցքային դեր է խաղացել մի քանի հիմնական ընտրարշավներում դրական արդյունքի հասնելու գործում` ներառյալ Իլինոյս նահանգում Մարք Քըրքի, Կալիֆորնիայում` Բարբառա Բոքսերի, Նեվադայում` Հարի Ռիդի, և Մայք Գրիմմի ընտրություններում տարած հաղանակներում»:

Հայ Դատի գրասենյակի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ գրասենյակի կողմից սատարվող վեց սենատորից հինգը, բացի Վիսքոնսին նահանգի դեմոկրատական թեկնածու Ռաս Ֆայնգոլդից, հաղթեցին:

Ինչ վերաբերում է Հայ Դատի գրասենյակի կողմից 31 նահանգում սատարվող Ներկայացուցիչների պալատի 158 թեկնածուներին, այդ թվից 152-ը ներկայումս Պալատի անդամ են, և նոյեմբերի 3-ի առավոտվա դրությամբ, նրանցից միայն յոթը չեն վերընտրվել: Հայ Դատի գրասենյակի կողմից սատարվող առաջին անգամ ընտրվող վեց թեկնածուներից բոլորը հաղթանակ են տարել ընտրություններում` ներառյալ, մասնավորապես, Մայքլ Գրիմին, ով Նյու Յորքում գործող Հայ Դատի գրասենյակի ակտիվիստների օգնությամբ հաղթանակ է տարել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին դեմ հանդես եկող հանրապետական Մայքլ ՄաքՄեհոնի նկատմամբ:

Հայ Դատի գրասենյակի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում նշվում է նաև, որ վերոհիշյալը հնարավոր էր դարձել իրականացնել` ամերիկահայ ընտրողներին տասնյակ հազարավոր կարևոր նախընտրական տեղեկություններ պարունակող էլեկտրոնային նամակներ և հեռախոսազանգել կատարելու միջոցով: