Տնտեսական ճգնաժամ ԱՄՆ-ում. մեկ ընտանիքի պատմություն

Տնտեսական ճգնաժամ ԱՄՆ-ում. մեկ ընտանիքի պատմություն

Մինչ նախագահ Օբաման փորձում է աջակցություն ստանալ աշխատատեղեր ստեղծելու իր նոր նախագծի համար, ԱՄՆ-ի Կոնգրեսը պատրաստվում է այդ օրինագծի շուրջ բանավեճի:

Նախագահի կողմից առաջարկված այս ծրագիրը նման է 2009 թվականին առաջարկված խթանների փաթեթին:

Շատ ամերիկացիների նման, Քրիստոֆեր Զիգելհոֆերը փորձում է անորոշ տնտեսական պայմաններում հոգ տանել իր ընտանիքի համար:

Քիմիական արդյունաբերության աշխատող լինելով՝ վերջին յոթ տարիներին գործարանների փակվելու պատճառով կորցրել է մի քանի աշխատանք: Սակայն տնտեսական անկման գագաթնակետին նրա համար ծայրահեղ դժվար էր աշխատանք գտնելը:

«Ես կես դրույքով էի աշխատում, հավաքում գործազրկության նպաստը և փորձում աշխատանք գտնել», - սում է Զիգելհոֆերը:

Զիգելհոֆերն ամիսներ շարունակ գործազուրկ է եղել և սկսել է անհանգստանալ իր ընտանիքին ապահովելու համար:

Սակայն բախտը ժպտաց, երբ «Էյ-Ի Փոլիսիլիկոն» ընկերությունը գործարան բացեց Փենսիլվանիայի տնտեսապես ճնշված «պողպատի քաղաք» Ֆեյրլես Հիլում՝ Զիգելհոֆերի հայրենի քաղաքում:

«Ես աշխատանք ստացա, դա նման էր լոտո շահելուն. տարօրինակ է այդպես ասելը, սակայն տնտեսական այս պայմաններում ապահով ապագայով աշխատանք գտնելը խիստ դժվար է», - նշել է Զիգելհոֆերը:

Իր նոր աշխատավայրում Զիգելհոֆերը վերահսկում է արևային վահանակների համար վերամշակվող նյութերի արտադրությունը:

Ըստ ընկերության՝ յուրօրինակ տեխնոլոգիայի շնորհիվ ՝ ավելի մեծ արդյունավետություն ունեցող արևային վահանակների արտադրության ծախսը ցածր է:

«Էյ-Ի Փոլիսիլիկոն» ընկերությունը 2009 թվկանի Վերականգնման ակտով բնապահպանությանը նպաստող աշխատատեղ ստեղծելու ծրագրի շրջանակում դաշնային հարկի 44 միլիոն դոլարի զեղչ է ստացել:

Դա թույլ տվեց ընկերությանը աշխատանքի ընդունել Զիգելհոֆերին, աշխատանքը կորցրած նրա 13 աշխատակիցներին, ինչպես նաև տասնյակ ուրիշների:

«Էյ-Ի Փոլիսիլիկոն»-ի նման ընկերություններն են համատեղում Ամերիկայի տնտեսական աճը և մաքուր էներգիայի նպատակը: Տնտեսական խթանների դրամաշնորհի շնորհիվ 450 աշխատատեղ է ստեղծվել և դեռ ավելին է սպասվում ապագայում:

Ընկերության զարգացման գծով կառավարիչ Լեո Ծուոյի խոսքերով՝ այս ամենից շահեց ամբողջ համայնքը:

«Մենք աշխատատեղ ենք ստեղծել համայնքի բոլոր մակարդակներում՝ արտադրության, մեխանիկայի, գործարարության ոլորտում, դրանք կայուն, բարձր վարձատրվող աշխատատեղեր են արդյունաբերության զարգացող ոլորտում», - ասել է ընկերության զարգացման գծով կառավարիչը:

Մեկ այլ օգուտն է այն, որ լիովին գործառնական դառնալուց հետո գործարանը կնպաստի նաև էներգիայի արտադրության աճին։

Նախագահ Օբամայի նոր՝ 447 միլիարդ դոլար արժողությամբ օրինագիծը այսպիսի կրկնակի ազդեցությամբ աշխատատեղեր ստեղծելու համար է նախատեսված:

«Միլիոնատերերի և միլիարդատերերի համար հարկային արտոնություններ ապահովելու փոխարեն գերադասելի է գումարներ ներդնել կրթության, տեխնոլոգիայի և ենթակառուցվածքի բարելավման մեջ՝ այն ամենի, ինչն օգնելու է ապագայում այլ երկրներից առաջ անցնել նորարարությամբ, կրթությամբ և վերակառուցմամբ», - ասել է նախագահ Օբաման:

Սակայն բոլորը չեն համաձայն, որ աշխատատեղերի ստեղծումը տնտեսության վերականգնման համար ճիշտ «դեղատոմս» է:

Պահպանողական «Ամերիքըն Էնթըրփրայզ» ինստիտուտի տնտեսագետ Ջոն Մակինի խոսքերով՝ նախագահի գաղափարները ոչ նոր են, ոչ էլ արդյունավետ:

«Բոլորն են ցանկանում, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն, սակայն այդ ճանապարհն անցել ենք: Գործառնական հարցն այստեղ հետևյալն է. Որքանով դա արդյունավետ կլինի: Եթե մեր անցյալի ջանքերը արդյունավետ լինեին, մենք այս ծրագրի կարիքը չէինք ունենա», - ասել է Մակինը

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջեի գրասենյակի համաձայն՝ խթանների առաջին փաթեթը ստեղծել է կամ փրկել գրեթե 3,2 միլիոն ամերիկացու աշխատատեղերը:

Քրիստոֆեր Զիգելհոֆերի համար աշխատատեղերի ստեղծման մեջ ներդրում կատարելը ճիշտ ընտրություն է:

«Մարդկանց ազնիվ ապրելու և ամեն օր աշխատելու հնարավորություն տալու համար խթաններ ստեղծելը ամենաճիշտ քայլն է», - ասում է Զիգելհոֆերը: