ԱՄՆ-ի պետդեպը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարության շուրջ

«Հավատացած ենք, որ սա դրական նշան է այն բանի, որ հնարավոր է հասնել այն փաստերի ամբողջական, անկեղծ և արդարացի ճանաչման, որոնք, հուսով ենք, առաջ են մղելու թուրք և հայ ժողովրդի միջև հարաբերությունների բարելավման գործը». Ջեն Փսաքի
Միացյալ Նահանգների արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին ողջունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «հայերին 1915 թվականին բաժին ընկած տառապանքների պատմական ճանաչումը»:

«Ողջունում ենք վարչապետ Էրդողանի կողմից հայերին 1915 թվականին բաժին ընկած տառապանքների հրապարակայնորեն արված պատմական ճանաչումը», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:

«Հավատացած ենք, որ սա դրական նշան է այն բանի, որ հնարավոր է հասնել այն փաստերի ամբողջական, անկեղծ և արդարացի ճանաչման, որոնք, հուսով ենք, առաջ են մղելու թուրք և հայ ժողովրդի միջև հարաբերությունների բարելավման գործը», - ասել է արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին` հավելելով. «Կարծում ենք՝ սա դրական քայլ է»:

Թուրքիայի վարչապետի կողմից Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին արված հայտարարությանն անդրադարձ է կատարել նաև Ամերիկայի հայկական համագումարը, որի հայտարարության համաձայն Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր հայտարարությամբ, այնուամենայնիվ, չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ «միաժամանակ նոր շերտեր ավելացնելով պաշտոնական Անկարայում սկիզբ առնող ժխտմանը»:

«Հայոց ցեղասպանության զոհերի հոգիները չեն կարող խաղաղությամբ ննջել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան շարունակում է ցեղասպանության ժխտման իր քաղաքականությունը», - ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին՝ հավելելով. «Հայոց ցեղասպանության միջազգային, այդ թվում՝ ցեղասպանությունը վերապրածներին օգնելու ուղղությամբ ԱՄՆ-ի մարդասիրական միջամտության պատմության ազնիվ գլուխը, ճանաչումը կանխելու նպատակով միլիոնավոր դոլարներ ծախսելու փոխարեն Թուրքիայի կառավարությունը պետք է անդրադառնա ցեղասպանության և դրա 99 տարի տևող ժխտման հետևանքներին»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ավել իվաղ արձագանքելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «1915 թվականի իրադարձությունների» շուրջ արված հայտարարությանը, «ցեղասպանության ժխտման վերափաթեթավորում» է որակել այն:

«Վարչապետ Էրդողանն այսօր հրապարակած իր հայտարարության մեջ ապարդյուն փորձ է կատարում՝ խուսափելու համար Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից՝ պարզ, չլուծված երկկողմանի հակամարտության մակարդակի նվազեցնելով դեռևս անպատիժ մնացող միջազգային այս հանցագործության նշանակությունը», - ասել է Համբարյանը՝ հավելելով, որ «ո՛չ փաստերը, ո՛չ էլ աշխարհում ընդունված իրավունքի և բարոյականության կանոնները չեն սատարում աղավաղված այս տեսակետը»:

«Անկարան, որի միջազգային մեկուսացումը հետզհետե ավելանում է, վերափաթեթավորում է ցեղասպանության ժխտումը», - ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենի հայտարարության մեջ: