Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանիի համաձայն, այս երկրի երկու քաղաքացի սպանած ԱՄՆ-ի հյուպատոսության կալանավորված ծառայողի դիվանագիտական անձեռնմխելիություն ունենալու մասին որոշումը կայացվելու է Պակիստանի գերագույն դատարանի կողմից:
Գիլանին հայտնել է նաև, որ զոհվածների ընտանիքները կարող են հավանություն տալ ԱՄՆ-ի դիվանագետ Ռեյմոնդ Դեյվիսի ազատ արձակմանն այն դեպքում, եթե նրանց փոխհատուցում ներկայացվի կորստի դիմաց:
Մինչ այժմ զոհվածների ընտանիքները մերժել են փոխհատուցման մասին առաջարկները` ասելով, որ Դեյվիսը պետք է կանգնի Պակիստանի դատարանի առջև:
Ամերիկացի դիվանագետի գործը քննարկելու համար Պակիստան է ժամանել ԱՄՆ-ի սենատոր Ջոն Քերին, որը չորեքշաբթի օրը հանդիպում է անցկացրել Գիլանիի հետ: Նախատեսվում է, որ Քերին հանդիպում կունենա նաև երկրի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը հայտնել է լրագրողներին, որ Ռեյմոնդ Դեյվիսն ունի դիվանագիտական անձեռնմխելիություն, և ԱՄՆ-ը կարծում է, որ Պակիստանը պետք է կատարի միջազգային կոնվենցիաների պահանջները: Նախագահը կոչ է արել Պակիստանին անհապաղ ազատ արձակել Դեյվիսին: