ԱՄՆ-ը ողջունել է Վրաստանում «ժողովրդավարության համախմբումը»

Վրաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է նախագահի իշխանությունը սահմանափակող սահմանադրական փոփոխությունները
Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը ողջունել է առանց խորհրդարանի համաձայնության երկրի կառավարությունը ցրելու և նախարարների նոր խորհրդի նշանակման երկրի նախագահի լիազորությունները սահմանափակող սահմանադրական փոփոխությունները, որոնք ընդունվել են Վրաստանի խորհրդարանի կողմից:

«Միացյալ Նահանգների կառավարությունը շնորհավորում է Վրաստանի ղեկավարությունն ու խորհրդարանային մեծամասնությունն այս կարևոր և բոլոր կուսակցություններից շահերից ելնելով որոշման ընդունման կապակցությամբ», - ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության ուղերձում:

Նման փոփոխությունների ընդունումը, ըստ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից տարածված հաղորդագրության, ճանապարհ է բացում Վրաստանում ժողովրդավարության համախմբման համար և թույլ է տալիս ուշադրությունը սևեռել ներկայում կառավարության առջև կանգնած բազմաթիվ խնդիրների վրա:

«Մեզ գոհացնում է այս որոշման հիմքում ընկած քաղաքական համաձայնությունը, և կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին հասարակության շրջանում առկա խնդիրների քննարկման ընթացքում պահպանել կառուցողական ուղղվածությունը՝ նպատակ հետապնդելով ապահովելու առաջընթացը, որը բխում է Վրաստանի և երկրի քաղաքացիների շահերից», - ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից տարածված հաղորդագրության մեջ: