ԱՄՆ-ը հերքել է ներգրավվածությունը Իրանի միջուկային ոլորտի գիտնականի սպանության մեջ

ԱՄՆ-ը հերքել է ներգրավվածությունը Իրանի միջուկային ոլորտի գիտնականի սպանության մեջ

Միացյալ Նահանգները հերքել է Թեհրանում Իրանի միջուկային ոլորտի գիտնականի տեղի ունեցած սպանության մեջ իր ներգրավվածությունը:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «Միացյալ Նահանգները որևէ կերպ ներգրավված չէ Իրանի միջուկային ոլորտի գիտնական Մոսթաֆա Ահմադի Ռոշնանի մահվան պատճառը դարձած պայթյունն իրականացնելու մեջ»:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Թոմի Վիտորը հայտնել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է տեղի ունեցած հարձակումը, ինչպես նաև բռնության գործադրման բոլոր դեպքերը:

Արտգործնախարար Հիլարի Քլինթընը վերահաստատել է ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից հրապարակված հաղորդագրությունը՝ ասելով. «Ցանկանում են կտրականապես հերքել Միացյալ Նահանգների կողմից Իրանի տարածքում բռնությունների գործադրման դեպքերում որևէ ներգրավվածությունը»:

Հիշեցնենք, որ Իրանի լրատվամիջոցները չորեքշաբթի օրը հայտնել են այն մասին, որ պրոֆեսոր Մուսթաֆա Ահմադի Ռոշանը զոհվել է իր մեքենայի տակ տեղադրված ռումբի պայթյունի արդյունքում:

Մուսթաֆա Ահմադի Ռոշանը ղեկավարել է Նատանզ քաղաքում գործող միջուկային գործարանի բաժիններից մեկը:

Իրանի պաշտոնատար անձինք այս հարձակումների իրականացման համար մեղադրել են ԱՄՆ-ի ԿՀՎ-ն և Իսրայելի հետախուզական «Մոսսադ» գործակալությունը:

Իրանի նախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմին, հանդես գալով պետական հեռուստատեսությամբ, ասել է, որ այս հարձակումը չի ստիպելու Իրանին դադարեցնել միջուկային ոլորտում իրականացվող աշխատանքները:

Բացի դրանից, Իրանի իշխանությունները չորեքշաբթի օրը նամակ են հղել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին՝ խորին մտահոգություն արտահայտելով Իրանի գիտնականների նկատմամբ իրականացվող «դաժան, անմարդկային և քրեական հանցագործություններով»:

«Ակնկալում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահն ու համապատասխան բոլոր այլ մարմինները կդատապարտեն ահաբեկչական այս հարձակումները և արդյունավետ քայլեր կձեռնարկեն՝ ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների վերացման ուղղությամբ», - նշվել է Իրանի իշխանությունների կողմից Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հղված նամակում: