ԱՄՆ-ի նոր Կոնգրեսը քննարկելու է առողջապահության և պետական պարտքի խնդիրները

ԱՄՆ-ի նոր Կոնգրեսը քննարկելու է առողջապահության և պետական պարտքի խնդիրները

ԱՄՆ-ի 112-րդ Կոնգրեսն իր աշխատանքը մեկնարկելու է չորեքշաբթի օրը: Սպասվում է, որ մեծ թվով հանրապետական ներկայացուցիչների ներկայությունը կարող է փոխել իրավիճակը պարտքի կրճատման, դաշնային կառավարության ծախսերի և առողջապահության բարեփոխումների նման կարևորագույն խնդիրների քննարկման ընթացքում:

Ենթադրվում է, որ Ներկայացուցիչների պալատում առաջիններից մեկը քննարկվելու է նախագահ Բարաք Օբամայի աջակցությամբ ընդունված առողջապահության բարեփոխումների վերաբերյալ օրենքի ուժը կորցրած ճանաչելու խնդիրը: Այս քայլը, սակայն, դիտվում է որպես խորհրդանշական, քանի որ քիչ հավանական է, որ այս օրենքի ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը հավանականության արժանանա ԱՄՆ-ի Սենատում, որտեղ մեծամասնությունը կազմում են դեմոկրատները:

Իր աշխատանքը մեկնարկող նոր Կոնգրեսի Սենատի 100 անդամներից 47-ը հանրապետական, 51-ը` դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ են, իսկ երկու սենատոր անկախ են և սովորաբար իրենց ձայնը տալիս են դեմոկրատների նախաձեռնություններին:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի 242 ներկայացուցիչ հանրապետական, իսկ 193-ը` դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ են: