ԱՄՆ-ը 40 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին, կպահպանի Ղարաբաղին տրամադրվող օգնության չափը

ԱՄՆ-ը 40 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին, կպահպանի Ղարաբաղին տրամադրվող օգնության չափը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը և Սենատը հաստատել են 2012 թվականի բյուջեն, որով նախատեսում է Հայաստանին տրամադրել 40 միլիոն դոլար կազմող օգնություն, պահպանել Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսավորման ներկայիս չափը, ինչպես նաև ռազմական աջակցության հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է նախագահ Օբամայի կողմից առաջարկված տնտեսական աջակցության մակարդակները` Հայաստանին 40 միլիոն, Ադրբեջանին` 16,6 միլիոն, Վրաստանին` 66 միլիոն դոլար ծավալով:

Հաղորդագրությունում նշվել է, որ արտաքին օժանդակության մասին օրինագծին կից ներկայացվող զեկույցում ինչպես ԱՄՆ-ի Սենատի, այնպես էլ Ներկայացուցիչների պալատի անդամները հատուկ նշել են, որ Հայաստանին և Ադրբեջանին «Օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորում» (FMF) և «Միջազգային ռազմական կրթություն և վերապատրաստում» (IMET) հարցերում պետք է հավասարակշռություն պահպանվի:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի Կոնգրեսը համաձայնվել է պահպանել Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնությունը, որի մակարդակը սովորաբար կազմում է տարեկան մոտ 2 միլիոն դոլար, «նախորդ տարիներին հավասար մակարդակին»` միաժամանակ կոչ անելով խաղաղ լուծում գտնել հակամարտությանը: