Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը, պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ամերիկյան Սենատին հորդորել են հաստատել Ռուսաստանի հետ միջուկային զենքերի նոր պայմանագիր՝ հավաստիացնելով թերահավատ հանրապետական օրենսդիրներին, որ այդ պայմանագիրը չի սահմանափակելու ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանական ծրագրերը։
Քլինթընը Սենատի զինյալ ծառայությունների հանձնաժողովին հայտնել է, որ մինչ Ռուսաստանը պնդել է, թե իրավունք է վերապահում նոր պայմանագրից հրաժարվել ամերիկյան պաշտպանական կարողությունները սպառնալիք նկատելու դեպքում, այդուհանդերձ այդ պայմանագիրը պարտավորեցնող չէ Միացյալ Նահանգների համար։
Կոնգրեսի հիշյալ հանձնաժողովի հանրապետական անդամներին, այդ թվում սենատոր Ջոն Մքքեյնին պատասխանելով, Քլինթընն ասել է, թե Միացյալ Նահանգները հստակեցրել է, որ մտադիր է եւ փաստորեն շարունակում է բարելավել եւ տեղակայել ազդեցիկ հակահրթիռային պաշտպանական համակարգ։
Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը նույնպես հայտարարել է, թե նոր պայամագիրը չի նախատեսում սահմանափակումներ հաստատել Միացյալ Նահանգների հակահրթիռային պաշտպանական ծրագրի վրա։