Ամերիկացի գեներալը դատապարտում է Իրանին

Ամերիկացի գեներալը դատապարտում է Իրանին

Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի բարձրագույն հրամանատարն ասում է, որ Իրանի կողմից Աֆղանստանի կառավարությանը կատարված կանխիկ վճարումները «արդարացված չեն», քանի որ Թեհրանը ֆինանսավորում է նաև թալիբներին:

ԱՄՆ-ի գեներալ Դեյվիդ Փեթրեուսը` «Ամերիկայի Ձայն»-ի իրանական բաժնին ուրբաթ օրը տված հարցազրույցում հայտնել է, որ Իրանն իրար հակասող գործողություններ է ձեռնարկում: Մի կողմից, այն ֆինանսավորում է Աֆղանստանի կառավարությանը, մյուս կողմից` միաժամանակ խաթարում այդ կառավարությանը` ֆինանսավորելով նաև երկրի համար վտանգ ներկայացնողներին:

Գեներալ Փեթրեուսն ասել է, որ Աֆղանստանի նկատմամբ Իրանը միշտ հակասական մոտեցում է ցուցաբերել: Այդ իրավիճակը նա համեմատել է Իրանի կողմից Իրաքում ձեռնարկվող գործողություններին` անվանելով դրանք «մահացու և կործանիչ»:

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի բարձրագույն հրամանատարն ասել է, թե Աֆղանստանի նախագահ Քարզայը «անկեղծ» հայտարարություն էր արել Իրանի կողմից ստացվող գումարների վերաբերյալ, որոնք չնչին են` համեմատած ԱՄՆ-ից և այլ երկրներից ստացվող գումարներին: