Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեքշաբթի օրը հանդիպում կանցկացնի իր խորհրդականների հետ՝ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից պաղեստինցիներին լիարժեք անդամություն տրամադրելու մասին որոշմանն ի պատասխան գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը ծանրութեթև անելու նպատակով:
Իսրայելի պաշտոնատար անձանց համաձայն, հանդիպման ընթացքում կարող է քննարկվել պաղեստինցիների դեմ պատժիչ միջոցների կիրառման հնարավորությունը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից անցկացված քվեարկությունից հետո ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Վաշինգտոնը չի մուծելու 60 միլիոն դոլար կազմող նոյեմբեր ամսվա ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամավճարը, քանի որ Միացյալ Նահանգներում գործող օրենքների համաձայն Վաշինգտոնին արգելվում է ֆինանսական միջոցներ տրամադրել ՄԱԿ-ի որևէ գործակալության, որին անդամակցում է պաղեստինցիների պետությունը:
Հիշեցնենք, որ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը երկուշաբթի օրը կողմ է քվեարկել որպես կազմակերպության լիարժեք անդամ ընդունելու պաղեստինցիների դիմումին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 193 անդամներից պաղեստինցիներին որպես լիարժեք անդամ ընդունելուն կողմ է քվեարկել 107, դեմ` 14, ձեռնպահ է մնացել 52 անդամ:
Որոշումն ընդունելու համար պահանջվում էր ՄԱԿ-ի այս գործակալության անդամների ձայների երկու երրորդը:
Կողմ քվեարկած ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամներն են Ֆրանսիան, ինչպես նաև գրեթե բոլոր արաբական, աֆրիկյան, լատինաամերիկյան և ասիական պետությունները, ներառյալ Չինաստանն ու Հնդկաստանը:
Իսրայելը, Միացյալ Նահանգները, Կանադան և Գերմանիան քվեարկել են այս որոշման դեմ: Ճապոնիան և Մեծ Բրիտանիան մնացել են ձեռնպահ:
Փարիզից իր գործունեությունն իրականացնող ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված որոշումը նոր թափ է հաղորդելու պաղեստինցիների պետությունը որպես անկախ պետություն ճանաչելուն ուղղված ջանքերին:
Պաղեստինցիների պետության ՅՈՒՆԵՍԿՕ-ում անդամության շուրջ անցկացված քվեարկությունից հետո կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովը մտահոգություն է հայտնել գործակալության ֆինանսական կայունության մասին: