Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գործակալությունը հայտնել է, որ Եմենի Թայիզ քաղաքում բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ կիրակի օրվանից իրականացվող բռնություններին զոհ է գնացել ավելի քան 50 ցուցարար։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը երեքշաբթի օրը քննադատել է ցուցարարների նկատմամբ բռնությունների սաստկացումը և հորդորել կառավարությանը պահպանել երկրի քաղաքացիների մարդու իրավունքները։
Փիլեյը քննադատել է նաև անվտանգության ուժերին` Թայիզում հիվանդանոցի շենքը զբաղեցնելու և ցուցարարների ճամբարի մոտ գտնվող դաշտային բուժկետը ոչնչացնելու համար՝ ասելով, որ բժշկական անձնակազմը և կառույցները չպետք է երբևէ դառնան կառավարական ուժերի թիրախ։
Փիլեյի գործակալությունը հայտնել է նաև հարավային Զինջիբար քաղաքում տիրող ծանր իրավիճակի մասին, որտեղ կառավարական ուժերի և մահմեդական զինյալների միջև մարտերի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ։
Այս ընթացքում Թայիզ քաղաքում երեքշաբթի օրը շարունակվել են մարտերը։ Մարտական գործողությունները երեքշաբթի օրը վերսկսվել են երկրի մայրաքաղաք Սանայում, ինչը վկայում է նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին հավատարիմ ուժերի և ցեղախմբերի միջև զինադադարի ավարտի մասին։
Թայիզում երկուշաբթի օրը Եմենի անվտանգության ուժերի գործողություններին զոհ է գնացել բողոքի ցույցերի ավելի քան 20 մասնակից։ Ականատեսների համաձայն, Եմենի զինուժը կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ, կրակի մատնել վրանները և ոչնչացրել դաշտային բուժկետը։
Սանայում ԱՄՆ-ի դեսպանությունը դատապարտել է «երիտասարդ ցուցարարների ուղղությամբ իրականացված չհրահրված և անհիմն հարձակումը»։