ՄԱԿ. «Հյուսիսային Կորեան անտեսում է պատժամիջոցները»

«Հյուսիսային Կորեան շարունակում է ակտիվորեն անտեսել միջազգային հանրության կողմից սահմանված պատժամիջոցները՝ փորձելով սպառազինություն արտահանել Սիրիա և Բիրմա և ներմուծել շքեղության ապրանքներ»
Միավորված ազգերի կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որի համաձայն Հյուսիսային Կորեան շարունակում է «ակտիվորեն անտեսել» միջազգային հանրության կողմից սահմանված պատժամիջոցները՝ փորձելով սպառազինություն արտահանել Սիրիա և Բիրմա և ներմուծել շքեղության ապրանքներ:

Մի խումբ մասնագետների կողմից հրապարակված զեկույցում նշվել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից 2006 և 2009 թվականներին իրականացված միջուկային փորձարկումներից հետո այս երկրի նկատմամբ ձեռնարկված պատժամիջոցները խոչընդոտել, սակայն չեն դադարեցրել արգելված գործունեությունը:

Մասնագետները սակայն նշել են, որ այս ընթացքում չեն ստացել միջուկային, քիմիական ու կենսաբանական զենքի կամ բալիստիկ հրթիռների փոխանցման խախտումների մասին որևէ հաղորդագրություն:

74 էջ ծավալով զեկույցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ներկայացվել էր անցյալ ամիս, սակայն դրա հրապարակումը հետաձգվել էր զեկույցում որպես անօրինական ապրանքների տեղափոխման հիմնական հանգույց նշված Չինաստանի կողմից հնչեցրած առարկությունների պատճառով:

Զեկույցի համաձայն, Հյուսիսային Կորեայի կողմից այս տարվա ապրիլ ամսին անցկացված զորահանդեսի ժամանակ ներկայացված նոր «KN-08» բալիստիկ հրթիռները կարող են կեղծիք լինել, սակայն հրթիռները տեղափոխող քարշակ մեքենաները նոր են և ավելի հզոր: Մասնագետների համաձայն, Հյուսիսային Կորեան չունի նման քարշակներ արտադրելու միջոց, և դրանք հավանաբար ներմուծված են եղել Չինաստանից:

Զեկույցում նշվել է նաև Հյուսիսային Կորեայի կողմից Բիրմա և Սիրիա սպառազինությունների հետ կապ ունեցող որոշ նյութերի առաքման փորձ՝ մանրամասն նկարագրելով, թե ինչպես 2007 թվականին առգրավվել է Չինաստանի միջոցով Սիրիա ուղևորվող սպառազինություններին առնչվող նյութերի առաքումը: Զեկույցում նշվել է նաև, որ չնայած պատժամիջոցների, Հյուսիսային Կորեա են առաքվել շքեղության ապրանքներ, ներառյալ «Մերսեդես» մակնիշի օգտագործած մեքենաներ, ծխախոտ և ալկոհոլային ապրանքներ: