ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով հանձնակատար Վալերի Ամոսը չորեքշաբթի օրը ժամանելու է Սիրիա՝ մարդասիրական կազմակերպությունների աշխատողներին երկրում տեղաշարժի առավել մեծ հնարավորությունների տրամադրման մասին պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով:
Սպասվում է, որ Սիրիա Վալերի Ամոսի կատարվող այցը շարունակվելու է մինչև ուրբաթ օրը, որից հետո այս երկիր կայցելի Սիրիայի հարցերով հատուկ նորանշանակ հանձնակատար, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը:
Միջազգային հանրությունը շարունակում է ճնշում գործադրել Սիրիայի կառավարության վրա՝ նպատակ հետապնդելով ստիպել վերջինին դադարեցնել արդեն մեկ տարի շարունակվող ապստամբության մասնակիցների նկատմամբ իրականացվող բռնությունները:
Միացյալ Նահանգները առաջարկել է ընդունել Սիրիայում բռնությունները դատապարտող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձև, որը Սիրիայի իշխանություններից կպահանջի դադարեցնել երկրի բնակչության դեմ իրականացվող բոլոր բռնությունները՝ դատապարտելով երկրի իշխանությունների կողմից մարդու իրավունքների «շարունակվող, համատարած և համակարգված խախտումները»:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի նախագահ Բաշալ ալ-Ասադի կառավարության դեմ միակողմանի ռազմական գործողությունների ձեռնարկելը «սխալ է»:
Նախագահ Օբամայի համաձայն, այս երկրում ստեղծված իրավիճակն ավելի բարդ է Լիբիայում ժամանակին ստեղծված իրավիճակից, որտեղ ՆԱՏՕ-ի ուժերն օգնել են պաշտպանել քաղաքացիական բնակչությունը Մուամար Քադաֆիի վարչակարգի ուժերից: