ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայում զինադադարի կոչ է արել

Բան Կի-մուն. «Զինադադարը պետք է լինի Սիրիայում զենք բռնող յուրաքանչուր անձի բռնությունները դադարեցնելու հանձնառություն՝ որպես նվեր Սիրիայի ժողովրդին»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը կոչ է արել Սիրիայի կառավարական և նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ հանդես եկող ուժերին դադարեցնել բախումները երեքշաբթի օրը մեկնարկող մահմեդական «Ռամադան» սուրբ ամսվա կապակցությամբ:

Բան Կի-ունի համաձայն, սա պետք է լինի ոչ թե բանակցությունների արդյունքում հաստատված զինադադար, այլ պարզապես «Սիրիայում զենք բռնող յուրաքանչուր անձի բռնությունները դադարեցնելու հանձնառություն՝ որպես նվեր Սիրիայի ժողովրդին»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ այս քայլը կարող է մոտեցնել խաղաղությունը՝ վերահաստատելով, որ քաղաքացիական հետզհետե սաստկացող պատերազմի քաղաքական լուծման հնարավորությունը կարող է ձևավորվել միմիայն Սիրիայի ժողովրդի կողմից:

Բան Կի-մունը հորդորել է միջազգային հանրությանը աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին՝ հղելով «բռնությունների սաստկացումը լուծման ճանապարհ չէ» ուղերձը: Նա նաև կոչ է արել հակամարտության երկու կողմերին անհապաղ ազատ արձակել պատերազմի գերիներին:

Սիրիայում արդեն երեք տարուց ավելի շարունակվող հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 100 հազար մարդ, ավելի քան 6 միլիոնը դարձել են ներքին տեղահանված անձինք կամ դիմել են փախուստի երկրից՝ ապաստանի դիմելով հարևան պետություններում: