ՄԱԿ-ը կոչ է արել զսպվածություն պահպանել Ուկրաինայի ճգնաժամում

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հորդորել է Ռուսատանի և Ուկրաինայի իշխանություններին նվազեցնել լարվածությունը և մեկնարկել Ուկրաինայում ծավալված ճգնաժամը կարգավորելուն ուղղված կառուցողական երկխոսություն
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հորդորել է Ռուսատանի և Ուկրաինայի իշխանություններին նվազեցնել լարվածությունը և մեկնարկել Ուկրաինայում ծավալված ճգնաժամը կարգավորելուն ուղղված կառուցողական երկխոսություն:

Ժնևում լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն ասել է, որ ինքն աշխատում է մի քանի ուղղությամբ՝ ճգնաժամի կարգավորմանը լուծում գտնելու նպատակով:

Բան Կի-մունի համաձայն, ինքը զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որին հորդորել է կարգավորել ճգնաժամը Ուկրաինայի իշխանությունների հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու միջոցով:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, բացի այդ, տեղեկացրել է աշխարհի մի քանի պետությունների և կազմակերպությունների առաջնորդների հետ հեռախոսազրույց անցկացնելու մասին, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանուա Օլանդի, ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի և ԵԱՀԿ-ի նախագահի պաշտոնն այժմ զբաղեցնող Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրքհալթերի հետ անցկացված քննարկումների մասին:

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, երկուշաբթի օրը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ ունեցած հեռախոսազրույցում հորդորել է Ռուսաստանին դուրս բերել ուժերն Ուկրաինայից, ինչպես նաև սատարել Ուկրաինա միջազգային դիտորդների անմիջական գործուղումը և «քաղաքական իմաստալից երկխոսություն ծավալել Ուկրաինայի կառավարության հետ»: