Ուկրաինա. «Ռուսաստանի ուժերը օդանավակայաններ են զբաղեցրել Ղրիմում»

Ռուսաստանի սևծովյան նավատորմն իր հերթին տեղեկացրել է, թե իր ուժերը վերահսկողություն չեն հաստատել կամ որևէ այլ գործողությունների դիմել Սևաստոպոլի մոտակայքում գտնվող օդանավակայանում
Ուկրաինայի ներքին գործերի նախարարը մեղադրել է Ռուսատանի ուժերին Ղրիմում գտնվող երկու օդանավակայաններում «ռազմական ներխուժում և օկուպացում» իրականացնելու մեջ:

Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի կողմից ուրբաթ օրը հրապարակված ֆեյսբուքյան հաղորդագրության համաձայն, զինված անձինք արգելափակել են Ռուսատանի նավատորմի տեղակայման վայր հանդիսացող Սևաստոպոլ քաղաքի «Բելբեկ» օդանավակայանը:

Ըստ Ավակովի, զինված անհայտ անձինք, բացի այդ, պարեկային ծառայություն են իրականացնում Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանում:

Ռուսաստանի սևծովյան նավատորմն իր հերթին ուրբաթ օրը տեղեկացրել է, թե իր ուժերը վերահսկողություն չեն հաստատել կամ որևէ այլ գործողությունների դիմել Սևաստոպոլի մոտակայքում գտնվող ռազմական օդանավակայանում:

«Սևծովյան նավատորմի որևէ ստորաբաժանում չի շարժվել դեպի օդանավակայան՝ չխոսելով արդեն այն արգելափակելու մասին», - հայտնել է նավատորմի խոսնակը ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությանը:

Այս ընթացքում սպասվում է, որ Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որն այժմ գտնվում է Ռուսատանի իշխանությունների պաշտպանության ներքո, ուրբաթ օրը մամուլի ասուլիս կանցկացնի Ռուսաստանի հարավային Դոնի Ռոստով քաղաքում: