Ուկրաինայի արդարադատության նախարարը սպառնացել է արտակարգ իրավիճակ հայտարարել երկրում

Հակակառավարական ցուցարարներն գրավել են երկրի արդադարդատության նախարարության շենքը
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հակակառավարական ցուցարարները գրավել են երկրի արդարադատության նախարարության շենքը:

Նախարարության շենքը ցուցարարների կողմից գրավելուց հետո վերջիններիս հեռուստաուղերձով դիմել էր Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշը, որը հորդորել է ցուցարարներին ազատել նախարարության շենքը:

Հակառակ դեպքում, ըստ հաղորդագրությունների, Ուկրաինայի արդարադատության նախարարը սպառնացել է դիմել երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին՝ երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու հարցը քննարկելու նպատակով:

Կիևում մեկնարկած հակակառավարական ցույցերը կիրակի օրը տարածվել են Ուկրաինայի հարավային և արևելյան վեց մարզեր՝ այն շրջաններ, որոնք նախկինում ավանդաբար սատարել են երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին:

Երկրում արդեն երկու ամիս տևող բողոքի ցույցերից հետո Ուկրաինայի ընդդիմությունը կարծում է, որ առավելության նժարը թեքվում է իր կողմ: Հակակառավարական ցուցարարներն արդեն իսկ գրավել են Ուկրաինայի մի շարք մարզերի կառավարական շենքերը:

Ուկրաինայի առնվազն երեք մարզում ոստիկանության հատուկ ուժերը հրաժարվել են կատարել նախագահ Յանուկովիչի հրամանները:

Հաշվի առնելով այս զարգացումները՝ ընդդիմության խորհրդարանականները կիրակի օրը պահանջել են կառավարությունից ազատ արձակել Կիևում և մարզերում վերջերս ձերբակալված մոտ 200 ցուցարարների:

Ուկրաինայի ընդդիմության համաձայն, այս պահանջը քննարկման ենթակա չէ, այլ վերջնագիր է: Ազատազրկված ցուցարարներին մինչև երկուշաբթի օրն ազատ չարձակելու դեպքում ընդդիմությունը սպառնացել է պաշարել այն կալանավայերը, որտեղ պահվում են ազատազրկված ցուցարարները: