Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում մեկնարկել են «հակաահաբեկչական գործողություններ»

Ռուսաստանամետ զինյալներն Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում՝ ներքին գործերի նախարարության ստորաբաժանումը գրավելուց հետո, 12 ապրիլի 2014թ.

Ներքին գործերի պաշտոնակատար Արսեն Ավակովը տեղեկացրել է, որ կառավարական ուժերի ուղղությամբ բացվել էր կրակ, և որ երկու կողմերից կան զոհեր և վիրավորներ
Ուկրաինայի ներքին գործերի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ կառավարական անվտանգության ուժերը երկրի արևելյան Սլավյանսկ քաղաքում, որտեղ ռուսաստանամետ զինյալները վերահսկողություն են հաստատել պետական մարմինների շենքերի նկատմամբ, մեկնարկել են «հակաահաբեկչական գործողություններ»:

Ներքին գործերի պաշտոնակատար Արսեն Ավակովը ֆեյսբուքյաին իր էջում կիրակի օրը հրապարակված հաղորդագրության մեջ տեղեկացրել է, որ կառավարական ուժերի ուղղությամբ բացվել էր կրակ, և որ երկու կողմերից կան զոհեր և վիրավորներ:

Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում զոհերի և վիրավորների մասին հաղորդագրությունները դեռևս չեն հաստատվել անկախ աղբյուրների կողմից:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցում մտահոգություններ է արտահայտել Ուկրաինայի արևելյան շրջաններում շաբաթ օրը տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ:

Արտգործնախարար Քերրիի համաձայն, շաբաթ օրն Ուկրաինայում տեղի ունեցած հարձակումները կազմակերպվել են և համաժամվել նույն կերպ, ինչպես Ուկրաինայի արևելքում և Ղրիմում իրականացված նման այլ հարձակումները:

ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցում արտգործնախարար Քերրին հստակ նշել է, որ եթե Ռուսաստանը չձեռնարկի Ուկրաինայի արևելյան շրջաններում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ քայլեր և հետ չքաշի զինված ուժերը Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններից, ապա դա կբերի լրացուցիչ հետևանքների: