ԱՄՆ-ի Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հեռացվել է աշխատանքից

Պատճառը՝ «Twitter»-ում խիստ քննադատական հաղորդագրությունների հրապարակում է
ԱՄՆ-ի Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը մասնակցել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների անցկացումը կազմակերպելուն, հեռացվել է աշխատանքից՝ «Twitter»-ի իր էջում Սպիտակ տան և ԱՄՆ-ի Կոնգրեսի պաշտոնյաների նկատմամբ խիստ քննադատական հաղորդագրություններ հրապարակելու համար:

Այս մասին հայտնած Միացյալ Նահանգների կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի համաձայն, Ջոֆի Ջոզեֆը զբաղեցրել է ԱՄՆ-ի Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի միջուկային զենքի չտարածման գծով տնօրենի պաշտոնը: Ջոզեֆը միաժամանակ գրեթե երկու տարի @NatSecWonk անվանումը կրող «Twitter»-ի իր էջում հրապարակել է անանուն հարյուրավոր քննադատական հաղորդագրություններ:

ԱՄՆ-ի կառավարության համաձայն, «Twitter»-ում «@NatSecWonk»-ի օգտատիրոջ ինքնությունը բացահայտելուց հետո Ջոզեֆը հեռացվել է աշխատանքից:

«Twitter»-ում ժամանակին հրապարակված իր կենսագրականում, որն արդեն հեռացվել է կայքից, Ջոզեֆը նկարագրում էր իրեն իբրև «արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության ոլորտում տեղի ունեցող զարգացումներին ուշիուշով հետևող մի անձ, որն անպատիժ կարող է ասել այն, ինչի մասին մնացածները չեն կարող արտահայտվել»:

Ջոֆի Ջոզեֆը մերժել է մեկնաբանություններ ներկայացնելու մասին լրատվամիջոցների դիմումները, սակայն հաղորդել է «Politico» կայքին, որ զղջում է իր արարքների համար: