Թուրքիայի ընդդիմադիրները բոյկոտում են նորընտիր խորհրդարանի աշխատանքները, ի պաշտպանություն բանտում գտնվող մի քանի պատգամավորական թեկնածուների, ովքեր ընտրություններում հաղթել են, սակայն որոնց մանդատներն իրենց չի հանձնվել:
Թուրքիայի 550 պատգամավոր ունեցող խորհրդարանի նորընտիր անդամներից երկու-երրորդը հայտարարել է, թե մասնակցելու է մեջլիսի բացման, սակայն ոչ երդմնակալության պաշտոնական արարողությանը, քանի դեռ իրենց գործընկերներն անազատության մեջ են:
Ընդդիմադիր Հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Կիլիցդալօղլուն այս կապակցությամբ հայտարարել է, որ իր կուսակցությունից խորհրդարան ընտրված 135 պատգամավորներ միանալու են քրդամետ ուժերին` ձերբակալված պատգամավորներին ազատ արձակելու պահանջով:
Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել բանտերում գտնվող 9 պատգամավորներին, ովքեր, ըստ քննադատների, ձերբակալվել են ոչ թե քրեական հանցագործությունների, այլ քաղաքական դրդապատճառներով:
Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քրդական Խաղաղություն և Ժողովրդավարություն կուսակցության կողմից ընտրված` ձերբակալված պատգամավոր Հաթիփ Դիցլեի մանդատը հանձնել է կառավարող Արդարություն և Զարգացում կուսակցությանը:
Վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, խոսելով խնդրի շուրջ, նշել է, թե ինքը չի պատրաստվում որևէ փոփոխություն մտցնել իրավիճակում: