Ցուցարարները վտարվել են Թաքսիմ հրապարակից

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է չորեքշաբթի օրը հանդիպումներ անցկացնել որոշ ցուցարարների հետ
Թուրքիայի ոստիկանության հատուկ ստորաբաժանումներն ամբողջ գիշեր տևած բախումներից հետո վտարել են ցուցարարներին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակից:

Բախումները, որոնց ընթացքում Թուրքիայի ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ, սկսվել էին դեռևս երեքշաբթի օրը և տևել են մինչև չորեքշաբթի առավոտ: Երեքշաբթի օրը բախումներ էին տեղի ունեցել նաև Անկարայում:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է չորեքշաբթի օրը հանդիպումներ անցկացնել որոշ ցուցարարների հետ, որոնց նա սակայն մեղադրել է Թուրքիայի համբավին և տնտեսությանը վնաս հասցնելու մեջ:

Վարչապետ Էրդողանը նախօրեին ասել է, թե «բողոքի ցույցերը Թուրքիայի հեղինակությանն ու տնտեսությանը վնաս հասցնելու կանխամտածված փորձ են»: Նրա համաձայն, ցուցարարները «ցանկանում են կանխել Թուրքիայի վերելքը», և վերջիններս օգտագործվում են ֆինանսական և զանգվածային լրատվության ոլորտում գործող տարբեր կազմակերպությունների կողմից՝ Թուրքիայի տնտեսությանը վնաս հասցնելու նպատակով:

Ավելի քան մեկ շաբաթ առաջ սկսված բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է երեք մարդ, հազարավոր ցուցարարներ ստացել են վնասվածքներ, ձերբակալվել է բողոքի ցույցերի մի քանի հազար մասնակից:

Թուրքիայի ընդդիմությունը երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրում է լարվածություն առաջացնելու և բախումների պատճառը դարձած քաղաքականություն վարելու մեջ: