Թուրքիայում մեկնարկել է Իրանի և աշխարհի վեց տերությունների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում անցկացվելու են բանակցություններ Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի վերաբերյալ:
Երկօրյա բանակցություններին մասնակցելու են որպես «P5+1» հայտնի պետությունների խումբը, որի կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն ու Գերմանիան:
Իրանի պաշտոնատար անձանց համաձայն, բանակցությունները մեկնարկել են «բարյացակամ մթնոլորտում»` չնայած այն հանգամանքին, որ Իրանը հրաժարվել է քննարկել միջուկային նյութերի հարստացման իր գործողությունների որևէ դադարեցում:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Մարք Թոները հայտնել է, որ Միացյալ Նահանգները Ստամբուլում անցկացվող բանակցություններից զգալի առաջընթաց չեն ակնկալում: Նա նշել է սակայն, որ ԱՄՆ-ի բանագնացները ցանկանում են քննարկել միջուկային վառելիքի փոխանակման նորացման առաջարկը, որում արտացոլվել է միջուկային վառելիքի հարստացման գործում Իրանի կատարած առաջընթացը:
Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն հինգշաբթի օրը հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է քննարկել միջուկային վառելիքի փոխանակման հնարավորությունը, սակայն աշխարհի տերությունները պետք է արագացնեն այս գործարքի ուղղությամբ աշխատանքները, քանի որ, եթե Իրանը սկսի սեփական ուժերով մինչև 20 տոկոսով հարստացված ուրանով լիցքավորել իր ռեակտորները, այն այլևս չի ունենա այս գործարքի կարիքը: