Թուրքիայում շարունակվում են փրկարարական աշխատանքները

Թուրքիայում շարունակվում են փրկարարական աշխատանքները

Թուրքիայում շարունակվում են փրկարարական աշխատանքները՝ երկրի արևելյան մասում տեղի ունեցած 7,2 ուժգնությամբ երկրաշարժից հետո:

Երկրի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինի համաձայն, երկրաշարժի զոհերի թիվը հասել է 217-ի, վնասվածքներ ստացածների՝ 740 մարդ:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Շահինը հայտնել է, որ կիրակի օրը տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով 117 մարդ զոհվել է Էրջիս քաղաքում, ուր երկրաշարժի հետևանքով փլուզվել է մոտ 80 բազմահարկ շենք: Վան քաղաքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի:

ԱՄՆ-ի գիտնականների համաձայն, երկրաշարժից հետո տասը ժամվա ընթացքում գրանցել է ավելի քան 100 ցնցում, որոնցից մեկի ուժգնությունը կազմել է 6.0 բալ:

Իշխանությունները խորհուրդ են տվել երկրաշարժից վնասված տարածքների բնակիչներին հեռու մնալ վնասված տներից՝ զգուշացնելով, որ դրանք կարող են փլուզվել կրկնակի ցնցումներից:

Ռուսաստանի Դաշնությունում պետական այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին` երկրի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով առկա ավերածությունների, զոհերի և փլատակների տակ մնացած մարդկանց մասին»:

«Ցավում եմ տեղի ունեցածի համար, ցավակցում եմ և հայտնում եմ Ձեզ, որ Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ ժամկետում հասնել էպիկենտրոն և անհապաղ անցնել փրկարարական աշխատանքների», - ցավակցական հեռագրում նշել է Հայաստանի նախագահը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է երկրաշարժից տուժած տարածքներ, որտեղ մտահոգություն է հայտնել, որ գյուղական տարածքներում, ուր փրկարարները դեռևս չեն հասել, իրավիճակը կարող է շատ ծանր լինել, քանի որ այնտեղ մարդիկ ապրում են կավից կառուցված տներում:

«Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Էրդողանը, տուժած տարածքներ կատարված իր այցից հետո վերադառնալով Անկարա, շնորհակալություն է հայտնել բոլոր այն պետություններին, ներառյալ Հայաստանին ու Իսրայելին, որոնք Թուրքիային օգնության ձեռք մեկնելու առաջարկով են հանդես եկել: