Թուրքական «Հուրիեթ» պարբերականը, վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությանը, հաղորդել է, որ Էրզրումի վարչական դատարանը կասեցրել է Կարսում գտնվող «Մարդկության հուշարձան»-ի քանդելու մասին որոշումը։
Հուշարձանի քանդակագործ Մեհմեթ Աքսոյին ներկայացնող փաստաբանը հայտնել է, որ «Էրզրումի վարչական առաջին դատարանը կասեցրել է այս հուշարձանը քանդելու մասին Կարսի քաղաքապետարանի կողմից ընդունված որոշումը՝ հուշարձանին անվերականգնելի վնաս հասցնելուց խուսափելու նպատակով»։
Փաստաբանի համաձայն, հուշարձանը մնալու է տեղում՝ մինչև այս դատական գործով չկայացվի վերջնական որոշում։
Դատարանի այս որոշումը կայացվել է նույն օրը, երբ հայտարարվել էր հուշարձանը քանդելու աշխատանքներն իրականացնելու համար մրցույթ, որին մասնակցել է վեց ընկերություն։
Եթե Էրզրումի դատարանը վերջնական որոշում ընդունի հուշարձանը քանդելու մասին, հուշարձանը 60 օրվա ընթացքում կապամոնտաժվի և կհեռացվի։