Դիրաբեքիրում գտնվող Սուրբ Կիրակող եկեղեցում այս կիրակի օրը՝ հոկտեմբերի 23-ին, երկու տարի տևած վերականգնողական աշխատանքների ավարտից հետո պատարագ է մատուցվելու:
Սուրբ Կիրակող եկեղեցին օծվելու է հոկտեմբերի 22-ին, Սուրբ Պատարագը մատուցվելու է օծությանը հաջորդող օրը:
«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, եկեղեցու վերականգնմանը մեծ աջակցություն են ցուցաբերել պոլսահայերը՝ ծնունդով դիարբեքիրցի գործարար Վարդգես Էրգյուն Այիքի և Ստամբուլի նախկին բնակիչ, այժմ Կանադայում բնակվող Ռաֆֆի Պետրոյսյանի նախաձեռնությամբ:
Եկեղեցու վերականգնման նախագծին որոշ օժանդակություն ցուցաբերել է նաև Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանի ղեկավարությունը, իսկ Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի ղեկավարի գրասենյակը տրամադրել է երկու անվճար ավտոբուս՝ արարողությանը մասնակցելու ցանկություն հայտնած անձանց Դիարբեքիր տեղափոխելու համար:
Սպասվում է, որ Սուրբ Կիրակոս եկեղեցում կիրակի օրը մատուցվող պատարագին մասնակցելու է մոտ 1 500 մարդ, որոնք քաղաք են ժամանելու Ստամբուլից, Հայաստանից և Միացյալ Նահանգներից, ինչպես նաև եվրոպական և մերձավորարևելյան պետություններից: