Լիբերիայի նախկին նախագահը դատապարտվել է 50 տարվա ազատազրկման

Լիբերիայի նախկին նախագահ Չարլզ Թեյլորը Հաագայի հատուկ դատարանի կողմից դատապարտվել է 50 տարվա ազատազրկման՝ պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար:

Հաագայում Սիրերա Լեոնեի գործով հատուկ դատարանը չորեքշաբթի օրը կայացրել է այս վճիռը՝ նշելով, որ Թեյլորն օգտագործել է զբաղեցրած պաշտոնն ապստամբներին աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ խաղաղություն և կայունություն առաջ քաշելու փոխարեն:

Նախագահող դատավոր Ռիչարդ Լյուսիքի համաձայն, Թեյլորի մեղավորությունը ծանրացել է ապստամբներին զենք և զինամթերք, ինչպես նաև առաջնորդություն տրամադրելու հանգամանքների հետաևանքով:

Մեղադրող կողմը պահանջել էր Թեյլորին դատապարտել 80 տարվա ազատազրկման, սակայն դատարանը նշել է, որ բանտարկության այս ժամկետը «չափազանց» է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրերա Լեոնեի գործով հատուկ դատարանի դատավորների կողմից կայացված միաձայն որոշման համաձայն, Թեյլորը մեղավոր է ճանաչվել սպանություններ, բռնաբարություններ, սեռական ստրկություն, երեխաներին որպես զինվոր օգտագործելու և այլ հանցագործությունների իրագործման մեջ:

Թեյլորը 1946 թվականին անցկացված Նյունբերգյան դատավարությունից հետո, որի ընթացքում դատապարտվել էր ֆաշիստական Գերմանիայն կարճ ժամանակով գլխավորած Կարլ Դոյնիցը, միջազգային դատարանի կողմից դատապարտված պետության առաջին ղեկավարն է:

Մեղադրող կողմի համաձայն, Թեյլորը քաղաքացիական պատերազմ էր հրահրել Սիերա Լեոնեում՝ երկրի արևելյան մասում արդյունահանված «արյունոտ ադամանդների» դիմաց տրամադրելով «Հեղափոխական միավորված ճակատի» ապստամբներին զենք ու զինամթերք:

Նրան ձերբակալել և միջազգային դատարանին են հանձնել 2006 թվականին՝ նախագահի պաշտոնից հեռացնելուց երեք տարի անց: Ելնելով տարածաշրջանային անվտանգության նկատառումներից՝ 2007 թվականին դատավարությունը տեղափոխվել է Ֆրիթաունից Հաագա: