«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը հրապարակել է «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2013» հարցման արդյունքները

Հայաստանը, ըստ զեկույցի, միակ երկիրն է, որտեղ մասնակիցների կեսից ավելին նշել է կոռուպցիայի դեմ պայքար մղելու ուղղությամբ որևէ գործողությունների դիմելու պատրաստ չլինելու մասին
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» իրավապաշտպան կազմակերպության կողմից աշխարհում կոռուպցիայի վերաբերյալ հասարակական կարծիքի իրականացված ծավալուն «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2013» հետազոտության արդյունքների համաձայն, հարցման մասնակիցների կեսից ավելի կարծում է, որ վերջին երկու տարվա ընթացքում աշխարհում վատթարացել է կոռուպցիայի հետ կապված իրավիճակը: Հարցման մասնակիցները սակայն հավատացած են, որ նրանք կարող են փոփոխության ենթարկել այս իրավիճակը և պատրաստակամություն են հայտնել դիմելու կաշառակերության դեմ ուղղված գործողությունների:

Հայաստանում անցկացված հարցման մասնակիցները որպես ամենակոռումպացված ոլորտներ են անվանել քաղաքական կուսակցությունները, դատական մարմինները, քաղծառայողներին և պետական պաշտոնյաներին, ինչպես նաև առողջապահական ոլորտը:

Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների միայն 43 տոկոսն է սակայն հավատացած, որ ժողովուրդն ի զորու է պայքարել կոռուպցիայի դեմ, ինչը հետազոտության ընթացքում գրանցված ամենացածր արդյունքներից է: Համանման արդյունքներ են գրանցվել նաև Էստոնիայի, Ղրղըզստանի, Լիտվայի, Սերբիայի, Թունիսի և Ուկրաինայի մասնակիցների շրջանում:

Հետազոտության համաձայն, Հայաստանը, բացի այդ, ընդգրկվել է այն երկրների շարքում, որտեղ անցկացված հարցման մասնակիցների հիմնական մասը չի ցանկացել հայտնել կոռուպցիայի դեպքերի մասին: Նման արդյունքներ են գրանցվել ևս 16 երկրում, այդ թվում՝ Հունգարիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Սլովակիայում և Ուկրաինայում: Որպես կոռուպցիայի դեպքերի մասին չհայտնելու հիմնական պատճառ այս երկրների բնակիչները նշել են, որ կոռուպցիայի դեմ հայտնելու արդյունքում որևէ փոփոխություն տեղի չի ունենա, քանի որ առկա է անվստահություն գործող օրենքների և օրենքները կյանքի կոչելու առումով:

Զեկույցում նշված է նաև, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ մասնակիցների կեսից ավելին նշել է, որ պատրաստ չէ դիմելու որևէ գործողությունների՝ կոռուպցիայի դեպ պայքար մղելու ուղղությամբ:

«Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2013» հարցումն անցկացվել է 107 երկրում՝ 114 հազար մարդու մասնակցությամբ: Հայաստանում, ըստ զեկույցի, հարցումն իրականցվել է «MPG» ընկերության կողմից, որի ընթացքում դեմ առ դեմ հարցումներ են անցկացվել երկրի տարբեր մասերում բնակվող 1068 մասնակցի հետ: