Թոմ դը Վաալ. «Այն, ինչ չի ասվել Բաքվում»

Վերլուծաբանի կարծիքով, առավել արդյունավետ է կենտրոնանալ այն հարցերի վրա, թե ով չի ժամանել Բաքու և ինչի չի ասվել այնտեղ
«Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա գլխավորած պատվիրակության Ադրբեջան վերջերս կատարված այցին:

«Վլադիմիր Պուտինի մեկօրյա այցը Բաքու առատ հող է տվել «կրեմլաբանական» տարբեր տեսակի շահարկումներին: Չնայած երկու կողմերի արտահայտած բարեկամության և սիրո մասին հավաստիացումների և նախագահ Ալիևի «Մենք բոլոր հարցերով ունենք շատ նման դիրքորոշումներ»-ի մասին հայտարարության, զարմանալի չէ, որ բանակցությունների պաշտոնական մասը բավականին քիչ բան է բացահայտել», - գրում է դը Վաալը «Քարնեգի» հիմնադրամի կայքում հրապարակված իր «Այն, ինչ չի ասվել Բաքվում» հոդվածում:

Վերլուծաբանի կարծիքով, առավել արդյունավետ է կենտրոնանալ այն հարցերի վրա, թե ով չի ժամանել Բաքու և ինչի չի ասվել այնտեղ:

«Որևէ կերպ չի հիշատակվել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը, որը ռուսները ստիպված էին եղել լքել անցյալ տարի: Պուտինի այցի փաստն ինքնին վկայում է այն մասին, որ Ռուսաստանը փակված է համարում այս դրվագը: Պուտինն ընդամենը մեկ նախադասությամբ է հիշատակել Ղարաբաղի հակամարտության լուծումը, որը որոշ ժամանակ եղել էր իրեն նախորդած Դմիտրի Մեդվեդևի կողմից վարվող արտաքին քաղաքականության թիվ մեկ նախաձեռնությունը՝ ևս մեկ անգամ ակնհայտ դարձնելով այն հանգամանքը, որ այս հարցն առանձնապես չի հետաքրքրում իրեն», - գրում է դը Վաալը:

«Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբանի համաձայն, Պուտինի գլխավորած մեծ պատվիրակությունից ակնառու էր «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի բացակայությունը, որի փոխարեն Բաքու էր ժամանել «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինը՝ Ադրբեջանի նավթային պետական «ՍՈԿԱՐ» ընկերության հետ ստորագրելով համագործակցության հսկա մի պայմանագիր:

««Ռոսնեֆտ»-ը փորձում էր ստանալ Աբշերոնի գազի հանքավայրի մասերից մեկը, և ռուսները, ըստ էության, հիասթափված են հեռացել, քանի որ նրանք ստացել են ընդամենը ընդհանուր բառերով նկարագրված համագործակցության մասին համաձայնագիր», - նշում է դը Վաալը՝ ուշադրություն դարձնելով նաև Բաքվում կայացած հանդիպումների ընթացքում չարտասանված մի քանի այլ կարևոր բառերի վրա:

«Մեկը եղել է «Ամերիկա» բառը: Հենց այն փաստը, որ Ռուսաստանի ղեկավարը ժամանել է Բաքու՝ իր հետ բերելով գրեթե մեկ տասնյակ նախարարներ, հիշեցրել է ադրբեջանցիներին այն մասին, թե որտեղ նրանց պետք է որոնեն իրենց գերակայությունները», - հիշեցնում է դը Վաալը:

«Երկրորդը եղել է «Հայաստան» բառը: Այցը, որի ընթացքում շատ է խոսվել ադրբեջանա-ռուսական ռազմական համագործակցության մասին, ի թիվս այլոց հետապնդում էր հայերին սարսափեցնելու և Պուտինի Մաքսային միությանը միանալու մասին ավելի լուրջ մտածելու նպատակ», - գրում է վերլուծաբանը՝ մատնանշելով, որ Ռուսաստանի պատվիրակության կազմում ակնառու դեմքերից էր Ռուսաստանի սպառազինության վաճառքով զբաղվող «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության ղեկավար Անատոլի Սայկինը, և հիշեցնելով, որ Ալիևը հրապարակայնորեն հայտարարել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության ծավալը չորս միլիարդ դոլարի հասնելու մասին:

«Երրորդ չարտասանված բառը, որը շարունակվում էր «օդում կախված մնալ» ամբողջ այցի ընթացքում, եղել է «ընտրություններ» բառը, - շեշտում է դը Վաալը: - «Ալիևը հոկտեմբերի 9-ին երրորդ անգամ իր թեկնածությունն է դնելու նախագահական ընտրություններում: Այս անգամ Ադրբեջանի սովորաբար անգործունակ ընդդիմությունը որպես միասնական թեկնածու առաջադրել է իրական կշիռ ունեցող մի մարդու՝ ճանաչված ռեժիսոր Ռուստամ Իբրագիմբեկովին: Ընտրապայքարին մասնակցելու համար սակայն Իբրագիմբեկովը պետք է հրաժարվի իր ունեցած երկքաղաքացիության Ռուսաստանի քաղաքացիությունից՝ գործընթաց, որը Ռուսաստանի իշխանություններին փաստացի հնարավորություն է ընձեռել արգելելու նրա մասնակցությունն ընտրություններում»:

«Այս հարցը որևէ կերպ չի հիշատակվել. երկու կողմերն էլ գիտեին, թե նրանցից յուրաքանչուրն ինչ է ցանկանում», - եզրափակում է իր հոդվածը «Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալը: