«Թայ Չի» մարմնամարզության տեսակի օգուտը սրտի հիվանդություններով տառապողների համար

«Թայ Չի» մարմնամարզության տեսակի օգուտը սրտի հիվանդություններով տառապողների համար

Մարմնի և մտքի կապը արդի գիտական ուսումնասիրության հաճախակի թեմաներից է: Ուսումնասիրողներն այժմ բացահայտել են, որ մտքի և մարմնի տեխնիկայի վրա հիմնված հնագույն չինական մարմնամարզության տեսակներն օգտակար են սրտային հիվանդների համար:

Այս շարժումները հիմնված են «Թայ Չի» կոչվող չինական ավանդական մարմնամարզության վրա, որի ընթացքում կատարվում են սահուն, շրջանաձև շարժումներ, երբեմն կանգնում են մեկ ոտքի վրա, և որոնք ուղեկցվում են խորը շնչառությամբ: «Թայ Չի»-ի գրեթե հարյուր շարժումների նպատակը ֆիզիկական և մտավոր հանգստություն ձեռք բերելն է:

«Թայ Չի»-ն առնվազն երկու հազար տարվա պատմություն ունի: Չնայած նման է նուրբ վարժանքի՝ այն Չինաստանում մշակվել է որպես մարտարվեստ: Ըստ առասպելի՝ չինացի վանականը այս տեխնիկան մշակել է՝ հետևելով օձի և կռունկի մահացու պարին:

Դիրքերը գուցե ռոմանտիկ թվան, սակայն ուսումնասիրողները հայտնաբերել են, որ «Թայ Չի»-ն օգնում է խրոնիկ սրտային հիվանդներին բարելավել իրենց կյանքի որակը, բարձրացնել տրամադրությունը և ֆիզիկական գործունեության այլ տեսակներով զբաղվելու վստահություն են հաղորդում:

Ուսումնասիրողները հետազոտել են սրտի խրոնիկ հիվանդություն ունեցող հարյուր հիվանդի: Նրանցից հիսունը երեք ամսվա ընթացքում շաբաթական երկու անգամ «Թայ Չի»-ի պարապմունքներ, իսկ մյուս հիսունը՝ սրտի առողջության կրթության դասեր են հաճախել:

Ուսումնասիրության համահեղինակ, Հարվարդի համալսարանի բժշկական ֆակուլտետի բժիշկ Գլորիա Յեյն ասում է, թե հայտնի է, որ սրտի խրոնիկ խափանումը զարգացող խրոնիկ ախտանիշ է, որին բուժում չկա:

«Հիվանդները հաճախ տառապում են դրա ախտանիշերից՝ թուլությունից, շնչառության պակասից, կյանքի որակի նվազումից: Ուստի, եթե հնարավոր է հիվանդի ընդհանուր ինքնազգացողությունը բարելավել, դա նշանակալի արդյունք է», - ասում է Յեյը:

«Թայ Չի»-ի տարեց որոշ ուսանողներ չեն մասնակցել ուսումնասիրությանը , սակայն նրանք համաձայն են, որ «Թայ Չի»-ն բարելավում է իրենց ինքնազգացողությունը:

«Սա վարժանքի իմ ծրագրի բաղկացուցիչ մասերից է: 21 տարի առաջ սրտի կաթված եմ ունեցել, բժիշկն ինձ խորհուրդ էր տվել վարժանքներ կատարել: Բացի «Թայ Չի»-ով զբաղվելով, ես քայլում եմ, պարում, անում եմ հնարավոր ամենը՝ ակտիվ կյանք վարելու համար», - ասում է «Թայ Չի»-ի դասընթացների մասնակից, 72-ամյա Ալեն Ֆրազիեն:

«Թայ Չի»-ի դասընթացների մեկ այլ մասնակից, 74-ամյա Էվելին Շվարցն ասում է, թե վարժանքից հետո դեղորայքի կարիք չունի և ամբողջ օրն իրեն լավ է զգում:

Ուսումնասիրության ընթացքում, համեմատելով երկու խմբերի մասնակիցներին վեց րոպե քայլելու փորձից հետո, նրանց միջև տարբերություն չի հայտնաբերվել , սակայն «Թայ Չի»-ի մասնակիցները ֆիզիակական գործողություններ կատարելու ժամանակ ավելի շատ կալորիա են ծախսել:

Նախորդ ուսումնասիրությունները ևս ցույց են տվել, որ «Թայ Չի»-ին նպաստում է նվազեցնել այլ հիվանդությունների՝ արյան բարձր ճնշման, և լարվածության ախտանիշների նվազեցմանը: