Կիևում փողոցներ են դուրս եկել տասնյակ հազարավոր ցուցարարներ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ արտահայտելու իրենց զայրույթը երկրի նախագահի կողմից Եվրամիության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու հանգամանքով:

Չնայած իշխանությունների արգելքի, Կիևի փողոցներ, տարբեր գնահատականների համաձայն, դուրս է եկել մոտ 100 հազար մարդ:

Ուկրաինայի մայրաքաղաքում կիրակի օրն անցկացված ցույցերը դարձել են ամենամարդաշատը՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ջատագովների ցույցերը մեկնարկելու ժամանակից:

Ուկրաինայի ոստիկանության հատուկ ուժերը նախօրեին կիրառել էին մահակներ և ձայնային նռնակներ՝ ցրելու համար մայրաքաղաք Կիևում ԵՄ–ի հետ ասոցացման գնալու կողմնակիցների բողոքի ցույցը:

Ոստիկանության ուժերը գրոհել էին Կիևի Անկախության հրապարակում ցուցարարների ճամբարը: Հարձակման ընթացքում ծեծի էին ենթարկվել բազմաթիվ ցուցարարներ, մի քանի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց:

Երկրի ընդդիմությունը խիստ քննադատել էր իշխանությունների գործողությունները: Այսպես, ծանրաքաշի աշխարհի բռնցքամարտի չեմպիոն, հետագայում ընդդիմադիր քաղաքացիական գործիչ դարձած Վիտալի Կլիչկոն ասել էր, որ «Անկախության հրապարակում տեսած վայրագություններից հետո մենք պետք է վտարենք Յանուկովիչին»: