Թալիբները Քաթարում գրասենյակ բացելու նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել

Քաթարի մայրաքաղաք Դոհա

Աֆղանստանի թալիբները երեքշաբթի օրը հայտնել են Պարսից ծոցի պետություններից մեկում՝ Քաթարում քաղաքական գրասենյակ բացելու շուրջ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու մասին:

Թալիբների այս քայլի վերաբերյալ հայտարարությունը, որը կարող է նպաստել Աֆղանստանում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների անցկացման, տարածվել է էլեկտրոնային փոստով իրենց խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդի կողմից:

Մուջահիդը հայտնել է նաև, որ որպես խաղաղության բանակցություններ անցկացնելու նախապայմաններից մեկը թալիբները պահանջում են ազատ արձակել ԱՄՆ-ի «Գուանթանամո Բեյ» կալանավայրում գտնվող բանտարկյալներին:

ԱՄՆ-ի իշխանությունները վերջերս հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի Վաշինգտոնը պատրաստ է խաղաղության բանակցություններ վարել թալիբների հետ, և որ հնարավոր համաձայնության շրջանակներում կարող է իրականացվել ազատազրկման մեջ գտնվող թալիբների փոխանցումը:

Աֆղանստանի իշխանությունները դեմ էին հանդես գալիք Քաթարում թալիբների գրասենյակի բացման, սակայն նախագահ Համիդ Քարզայն ավելի ուշ հայտնել է, թե իր կառավարության համար ընդունելի է նման գրասենյակի հիմնադրումը:

Թալիբների գրասենյակը բացելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց մի քանի ամիս շարունակ Աֆղանստանի և Միացյալ Նահանգների իշխանություններին չէր հաջողվում մեկնարկել Աֆղանստանում արդեն տասը տարի շարունակվող պատերազմը դադարեցնելուն ուղղված երկխոսությունը: