Մեկնարկել են պատմական նշանակություն ունեցող բանակցությունները Թայվանի ու Չինաստանի միջև

Ակնկալվում է, որ Թայվանի մայրցամաքի հարցերով նախարար Վանգ Յու-չիի այցը հիմնականում կունենա խորհրդանշական և երկու կողմերի միջև վստահությունն ամրապնդելուն ուղղված նշանակություն
Թայվանն ու Չինաստանն անցկացնում են 65 տարվա ընթացքում իրենց միջև բարձր մակարդակի առաջին քաղաքական բանակցությունները:

Չինաստանի հարավային Նանկին քաղաքում բանակցությունների ընթացքում Թայվանի մայրցամաքի հարցերով նախարար Վանգ Յու-չին հույս է հայտնել, որ իր այցը կդառնա հարաբերությունների բարելավման խթան:

Պեկինի պատվիրակությունը գլխավորած փոխարտգործնախարար Ժանգ Ժիջունն իր հերթին նշել է, որ Թայվանի և Չինաստանի միջև հարաբերություններում բարելավումը հնարավոր է՝
«քրտնաջան աշխատանքի դեպքում»:

Թայվանի մայրցամաքի հարցերով նախարար Վանգ Յու-չիի այցի համար չի մշակվել որևէ պաշտոնական ժամանակացույց: Ակնկալվում է, որ նրա այցը հիմնականում կունենա խորհրդանշական և երկու կողմերի միջև վստահությունն ամրապնդելուն ուղղված նշանակություն:

Վանգ Յու-չին, որն անցյալ ամիս էր հայտարարել Չինաստանն այցելելու ծրագրերի մասին, ասել էր, որ այցի ընթացքում չի նախատեսվում անդրադառնալ քաղաքական զգայուն խնդիրներին: Թայվանի մայրցամաքի հարցերով նախարարի համաձայն, այցը նպատակ է հետապնդում նպաստելու թյուրիմացություններից խուսափելու հաղորդակցման մեխանիզմի մշակմանը: