Սիրիայի ընդդիմությունը դատապարտել է «լայնամասշտաբ սպանդը»

Սիրիայի ազգային դաշինքն հորդորել է միջազգային հանրությանը «միջամտել և դադարեցնել Ասադի ծանր հանցագործությունները»
Սիրիայի ընդդիմությունը մեղադրել է կառավարական ուժերը և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զինյալ խմբավորումները երկրի հյուսիս-արևմտյան մասում գտնվող բնակավայրերից մեկում «լայնամասշտաբ սպանդ» իրականացնելու մեջ:

Սիրիայի ազգային դաշինքը մեղադրել է նախագահ Ասադին հավատարիմ ուժերը Բայդա գյուղում նախօրեին սպանդի իրականացման մեջ, որին, ըստ ընդդիմության, զոհ է գնացել առնվազն 150 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Սիրիայի ազգային դաշինքն ուրբաթ օրը տարածած ուղերձում հորդորել է միջազգային հանրությանը «միջամտել և դադարեցնել Ասադի ծանր հանցագործությունները»:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Սիրիայում կազմակերպության աղբյուրները հայտնել են փաստաթղթերով ամրագրված սպանություններ առնվազն 50 դեպքի մասին: Կազմակերպությունը սակայն զգուշացրել է, որ զոհերի իրական թիվը կարող է լինել շատ ավելի բարձր:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը նախօրեին ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ծանրութեթև է անում Սիրիայի ընդդիմությանը սպառազինություն տրամադրելու խնդիրը: Հեյգելն ասել է սակայն, որ այս հարցի շուրջ որևէ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել: