Մարտեր Սիրիայում՝ սահմանային հյուսիսային անցակետի վերահսկողության համար

Սիրիայի ընդդիմության մարտիկներն արդեն իսկ վերահսկում են Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանին գտնվող մի շարք այլ անցակետեր
Սիրիայի ապստամբները չորեքշաբթի օրը շարունակել են մարտերը կառավարական ուժերի հետ՝ սահմանային հյուսիսային անցակետի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար:

Թուրքիայի հետ սահմանին գտնվող Թալ Աբյադ անցակետում մեկ օր մարտեր վարելուց հետո ապստամբներին հաջողվել էր իջեցնել կառավարական դրոշը, սակայն դեռևս պարզ չէ, արդյոք նրանց հաջողվել է ամբողջությամբ վերահսկողություն հաստատել անցակետի նկատմամբ:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող մարտիկներն արդեն իսկ վերահսկում են Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանին գտնվող մի շարք այլ անցակետեր:

Իրավապաշտպան «Amnesty International» կազմակերպությունն այս ընթացքում հայտնել է, որ ունի Սիրիայի կառավարական ուժերի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ կամայական հարձակումներ կատարելու մասին հետզհետե ավելացող վկայություններ:

Իրավապաշտպան կազմակերպությունը չորեքշաբթի օրը հրապարակել է հաշվետվություն, որի հիմքում ընկած է այս ամսվա սկզբին Իդլիբ, Ջաբալ ալ-Զավիյա և Համա նահանգների հյուսիսային մասում անցկացված հետաքննության արդյունքները:

«Amnesty International»-ի համաձայն, կառավարական ուժերը կանոնավոր կերպով կամայական հրետանային կրակ են բացում քաղաքների և գյուղական վայրերի ուղղությամբ՝ օգտագործելով ոչ ճշգրիտ զինատեսակներ, որոնց կիրառումը բնակելի վայրերում արգելված է:

Իրավապաշտպան կազմակերպությունը զգուշացրել է նաև, որ ընդդիմության մարտիկները նույնպես կարող են դիմել կամայական հարձակումների մարտավարության և կոչ է արել ապստամբներին հայտնել իրենց մարտիկներին նման խախտումների անընդունելի լինելու մասին: