«Սիրիայի բանակից դասալքության դիմած զինծառայողները հինգշաբթի օրը ոչնչացրել են երկրի բանակի առնվազն 27 զինծառայող»:
Այս հայտարարությամբ հանդես է եկել Լոնդոնից գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան ակտիվիստների կազմակերպությունը՝ հավելելով, որ զոհերի պատճառ են դարձել հինգշաբթի առավոտյան Սիրիայի Դերաա հարավային նահանգում տեղի ունեցած բազմաթիվ բախումները:
Իրավապաշտպանների համաձայն, Սիրիայում չորեքշաբթի օրը տեղի ունեցած բախումների զոհ է գնացել 25 մարդ, որոնց թվում եղել է նաև երկրի զինուժի ութ ծառայող, որոնք զոհ են դարձել երկրի զինված ուժերի դեմ ուղղված պատասխան գործողությունների:
Այս ընթացքում «Human Rights Watch» կազմակերպությունը հինգշաբթի օրը հրապարակել է զեկույց, որի համաձայն Սիրիայի բանակից և հետախուզական մարմիններից դասալքության դիմած անձինք անվանել են երկրի զինված ուժերի 74 հրամանատար և պաշտոնատար անձ, որոնք պատասխանատվություն են կրում անզեն ցուցարարների դեմ ուղղված բռնությունների համար:
Կազմակերպության համաձայն, Սիրիայի նախկին զինծառայողներին և հետախուզական ծառայությունների նախկին ծառայողներին հետ անցկացված հարցազրույցները «չեն թողնում որևէ կասկած» այն մասին, որ կառավարական անվտանգության ուժերը համատարած չարաշահումներ են իրականացրել:
Կազմակերպությունը նշել է, որ Սիրիայի կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում զոհվել են քաղաքացիական բազմաթիվ անձինք, իրականացվել կամայական ձերբակալություններ և խոշտանգումներ, որոնք մարդկության դեմ հանցագործություններ են հանդիսանում:
Հիշեցնենք, որ Միավորված ազգերի կազմակերպության կողմից վերջերս տարածված տեղեկությունների համաձայն, մարտ մասից Սիրիայում տեղի ունեցող խռովությունների զոհ արդեն իսկ գնացել է ավելի քան հինգ հազար մարդ:
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը «անհնարին» է անվանել այս ցուցանիշը: