Սիրիայի ակտիվիստները հայտնել են Հալեպում շարունակվող մարտերի մասին

Օբամա. «Քիմիական զենքի օգտագործման ողբալի սխալ կատարելու դեպքում Ասադի վարչակարգը պատասխանատվության կենթարկվի»
Սիրիայի ընդդիմության ակտիվիստների համաձայն, երկրի հյուսիսային Հալեպ քաղաքում շարունակվում են կատաղի մարտերը ապստամբների և կառավարական ստորաբաժանումների միջև:

Ակտիվիստների համաձայն, երեքշաբթի օրը ծանր մարտեր են տեղի ունեցել Հալեպի մի քանի շրջաններում: Նրանք ասել են նաև, որ կառավարական ուժերի կողմից քաղաքի բանտի գրոհի պատճառով զոհվել է առնվազն ութ բանտարկյալ:

Ընդդիմադիր Տեղական համակարգման կոմիտեն հայտնել է երեքշաբթի օրը կառավարական ուժերի կողմից Դամասկոսի արվարձանների, ինչպես նաև Դեյր էզ Զոր և Հոմս քաղաքների ուղղությամբ բացված հրետանային կրակի մասին:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը միացել է աշխարհի այլ պետությունների ղեկավարներին՝հիշեցնելով Սիրիայի իշխանություններին, որ քիմիական զենքի կիրառումն անթույլատրելի է:

«Այսօր մենք աշխատում ենք Սիրիայում անցում կատարելու ուղղությամբ, որպեսզի այս երկրի ժողովուրդն ունենա պայծառ ապագա՝ ազատ Ասադի վարչակարգից», - ասել է նախագահ Օբաման Նևադա նահանգի Ռենո քաղաքում վետերանների հետ հանդիպման ընթացքում:

«Հաշվի առնելով վարչակարգի վերահսկողության տակ գտնվող քիմիական զենքի պաշարների առկայությունը, մենք շարունակելու ենք մատնանշել Ասադին և իր շրջապատին այն մասին, որ աշխարհն ուշադիր հետևում է, և որ այս սպառազինության օգտագործման ողբալի սխալ կատարելու դեպքում միջազգային հանրությունն ու Միացյալ Նահանգները պատասխանատվության կենթարկեն նրանց», - ասել է նախագահ Օբաման:

Սիրիայի իշխանություններն ավելի վաղ հայտնել են, որ երկրում առկա քիմիական զենքը կօգտագործվի միայն արտաքին թշնամու հարձակման դեպքում, և երբեք չի օգտագործվի սեփական ժողովրդի դեմ:

Երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ջիհադ Մաքդիսին երկուշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, թե քիմիական զենքի պաշարները գտնվում են «երկրի զինված ուժերի հուսալի պաշտպանության ներքո»: