Բռնությունները Սիրիայում վերսկսվել են

Միջազգային ջանքերով միջնորդավորված զինադադարը արդեն ճաքեր է տալիս: Բռնությունները Սիրիայում վերսկսվել են և նոր բախումներ են ծավալվում պատերազմող կողմերի միջև: Համաձայն Սիրիայի պետական լրատվամիջոցների, «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները Դամասկոսի մոտ առևանգել են ավելի քան 300 բանվոր։

Սիրիայի կառավարական զորքերը և նրանց դաշնակիցները Հալեպում վերջին մի քանի օրերի ընթացքում ներգրավվել են ընդդիմադիր ուժերի դեմ վերսկսված կռիվների մեջ։: Տեղից ստացվող հաղորդագրություններում նշվում է, որ փետրվարին կնքված զինադադարի հաստատումից ի վեր բախումները ամենալայնածավալն են և սպառնում են խանգարել համաձայնության կայացմանը, որը օգնել էր կրճատել բռնությունները Սիրիայում:

Սիրիայի գծով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Սթաֆան Դը Միսթուրան հինգշաբթի օրը նշել է, որ հանդիպելու է շահագրգիռ կողմերի՝ Դամասկասի, Իրանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ նախքան հաջորդ շաբաթ նախատեսված բանակցությունների ավարտը։

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի մարդասիրական օգնության գծով խմբի ղեկավար Յան Էգելանդը, որը նաև Սիրիայի գծով ՄԱԿ-ի հատուկ բանագնացի խորհրդականն է, հինգշաբթի օրը նշել է, որ միջազգային օգնությունը չի հասնում պաշարված համայնքներ, որոնք զրկված են սննդից և դեղամիջոցներից.

«Մենք հինգ շարասյուն ունեինք, որոնք պատրաստ էին մեկնել վերջին չորս օրերի ընթացքում, սակայն չկարողացան: Ուստի 287 000 մարդ չստացավ իրեն հասանելիք օգնությունը», - ասել է նա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հրապարակել է այն պատկերները, որոնք, ըստ այդ գերատեսչության, ցուցադրում են օգնության մատակարարումը Դեր Էր Զոր քաղաքում: Այդ քաղաքը «Իսլամական պետություն» խմբավորման պաշարման մեջ է գտնվում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը հպարտանում էր՝ Սիրիայում զինյալների դեմ կռվում իր երկրի հաջողություններով.

«Վերջին իրադարձությունները Սիրիայում ցուցադրեցին Ռուսաստանի կարողությունները՝ խնդիրներ լուծելու ոչ միայն իր սահմանների մոտակայքում, այլ նաև՝ իր սահմաններից հեռու», - ասել է Պուտինը:

Ռուսաստանը և Իրանը օգնեցին Սիրիայի կառավարությանը հետ գրավել որոշ տարածքներ «Իսլամական պետություն» խմբավորումից։Սակայն այս խմբավորումը շարունակում է քաոս սփռել պատերազմից մասնատված Սիրիայում: Այդ երկրի պետական հեռուստատեսությունը հինգշաբթի օրը հաղորդել է, որ «Դաեշի» զինյալները առևանգել են Դամասկոսի հյուսիսարևելքում գտնվող ցեմենտի գործարանի ավելի քան 300 բանվոր:

Your browser doesn’t support HTML5

Բռնությունները Սիրիայում վերսկսվել են