Սիրիայի բանակը Իրանի աշխարհազորայինների ու ռուսական օդուժի աջակցությամբ շարունակում են հարձակումները երկրի հյուսիսում՝ գրավելով ևս երկու քաղաք ու գրեթե կիսելով Հալեպում գտնվող ապստամբ զորքերի խմբավորումը, ինչպես նաև՝ առաջանալով դեպի Թուրքիայի սահմանը ու կտրելով ապստամբների թիկունքային ապահովման ուղիները:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Վաշինգտոնում երկուշաբթի օրը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի իր գործընկերոջ՝ Ադել ալ-Ջուբեյրի հետ և հույս հայտնել, որ զինադադար կկնքվի և մարդասիրական օգնություն կտրամադրվի մարտերի ծուղակում հայտնված քաղաքացիական անձնաց։:
Հանդիպումից հետո Միացյալ Նահանգները ողջունել է Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողություններում դաշինքին աջակցելու համար:հատուկ նշանակության զորքեր ծավալելու Սաուդյան Արաբիայի առաջարկը։
Դամասկոսը իր հերթին սպառնացել է սաստկացնել հարձակումը, եթե Թուրքիան ու Սաուդյան Արաբիան զորքեր ուղարկեն՝ օգնելու ընդդիմությանը: Կառավարական զորքերի հարձակողական գործողությունների արդյունքում հազարավոր սիրիացիներ սահմռկեցուցիչ եղանակին ճամբար են խփել Սիրիայի հյուսիսային սահմանին՝ սպասելով Թուրքիա մուտք գործելու հնարավորությանը։
«Մենք խնդրում ենք մեր եղբորը՝ նախագահ Էրդողանին մարդասիրական միջանցք բացել: Նայեք կանանց ու երեխաներին այստեղ: Նրանք փախչում են Ռուսաստանի ուժգին հարվածներից», - ասում է այս փախստականը:
Ըստ սիրիացի իրավապաշտպանների, Հալեպում առնվազն 10 քաղաքացիական անձ է սպանվել ռուսական տևական օդային հարվածներից: Հարձակումներից մարմնական վնասվածքներ ստացած մի քանի քաղաքացիներ էլ տեղափոխվել են Թուրքիայի հիվանդանոցներ:
«Մոտ երեսուն հազար սիրիացիներ հավաքվել են Թուրքիայի սահմանի մերձակայքում: Ինչպես միշտ, անհրաժեշտության դեպքումմեր սիրիացի եղբայրներին մենք կտրամադրենք օգնություն ու կընդունենք նրանց», - ասել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Փախստականների հոսքը նորից մեծանում է՝ նոր մարտահրավերներ առաջ բերելով Թուրքիայի ու Եվրոպայի առջև: