Զինյալները հարձակում են գործել Սիրիայի հեռուստաընկերություններից մեկի ուղղությամբ

«Ալ-Իքբարիյա» արբանյակային հեռուստաընկերության հարձակման ընթացքում վնասված գրասենյակը

Կառավարության դեմ պայքար մղող ապստամբների ուժերը սակայն հերքել են իրենց կողմից հարձակումն իրականացնելու մասին լուրերը
Սիրիայում զինյալները գրոհել են երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության կողմնակիցներին պատկանող հեռուստաընկերություններից մեկը:

Երկրի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող «Ալ-Իքբարիյա» արբանյակային հեռուստաընկերության ուղղությամբ չորեքշաբթի վաղ առավոտյան կատարված հարձակման հետևանքով զոհվել է երեք լրագրող և չորս պահակ:

Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ալ-Զոհբիի համաձայն, հեռուստաալիքի ստուդիաները ոչնչացրած պայթուցիկ սարքերը տեղադրվել են «զինված ահաբեկիչների կողմից»՝ եզր, որով Սիրիայի կառավարությունը նկարագրում է նաև ապստամբներին:

Կառավարության դեմ պայքար մղող ապստամբների ուժերը սակայն հերքել են իրենց կողմից հարձակումն իրականացնելու մասին լուրերը: Նրանց համաձայն, հարձակումն իրականացվել է հեռուստաընկերության պահպանությունն իրականացնող էլիտար Սիրիայի հանրապետական պահակազորի դասալքության դիմած ստորաբաժանման ծառայողների կողմից, որոնք զենք են բարձրացրել կառավարական ստորաբաժանումների այլ ծառայողների վրա:

Այս ընթացքում Միավորված ազգերի կազմակերպության քննիչները հայտնել են այն մասին, որ Սիրիայում «կտրուկ ակտիվացել են» բախումները՝ չնայած կառավարության և ընդդիմության ուժերի կողմից խաղաղության միջազգային հանձնակատար Քոֆի Անանի ծրագրի շրջանակում բռնությունները դադարեցնելու ստանձնած պարտավորությունների:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցի համաձայն, Սիրիայում տիրում է «վտանգավոր և արագ վատթարացող» իրավիճակ: Զեկույցում նշվել է, որ երկու կողմերն էլ իրականացնում են մարդու իրավունքների խախտումներ, սակայն Սիրիայի կառավարական ուժերի կողմից իրականացվող խախտումները «տագնապալի մակարդակի» են հասել:

Զեկույցում նշված է, որ Հուլա քաղաքի ուղղությամբ 108 զոհի պատճառը դարձած գրոհի դեպքում կառավարական ուժերը պատասխանատվություն են կրում «զոհերի մեծ մասի համար», սակայն չի բացառվում նաև ընդդիմության կամ օտարերկրյա ուժերի դերը, և հետաքննությունը շարունակվելու է:

ՄԱԿ-ի կողմից նշանակված քննիչների խմբի ղեկավար, բրազիլացի Պաուլո Պոինհեյրոն ասել է, որ քննիչների իր խումբը հիմնականում մտահոգված է ընդդիմության ուժերի կողմից երեխաներին որպես բժշկական նշանակության ապրանքներ տեղափոխող սուրհանդակների օգտագործմամբ, ինչը վերջիններիս դնում է մահվան կամ վնասվածքներ ստանալու վտանգի տակ:

ՄԱԿ-ում Սիրիայի դեսպանորդը հերքել է Սիրիայի իշխանություններին ներկայացված մեղադրանքները՝ զգուշացնելով, որ Դամասկոսը դադարեցնելու է համագործակցությունն իրավապաշտպան մարմինների հետ, ապա դուրս է եկել Մարդու իրավունքների խորհրդի հանդիպումից: