Բազմաթիվ զոհեր Սիրիայում՝ ինքնասպանի հարձակման հետևանքով

Սիրիայի Համա քաղաքում ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված պայթյունը դարձել է առանձն 31 զոհի և բազմաթիվ վիրավորների պատճառը
Սիրիայի Համա քաղաքում ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված պայթյունը դարձել է առանձն 31 զոհի և բազմաթիվ վիրավորների պատճառը:

Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է իրեն 1,5 տոննա պայթուցիկ նյութ տեղափոխող բեռնատարի մեջ, որը կայանված է եղել Համա քաղաքի մարդաշատ փողոցների մեկում:

Սիրիայի պետական լրատվական գործակալությունը հարձակումն իրականացնելու մեջ մեղադրել է «ահաբեկիչներին»՝ տերմին, որը Սիրիայի կառավարությունը կիրառում է նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբների նկատմամբ:

Ապստամբներին սատարող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունն իր հերթին հաղորդել է, որ ինքնասպանի հարձակման թիրախը եղել է կառավարական ուժերի կողմից վերահսկվող հսկիչ-անցագրային կետը, սակայն զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչների են եղել:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, հարձակումն իրականացրած ինքնասպանը «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող «ալ-Նուսրա ճակատ» խմբավորման անդամերից է եղել: Այս խմբավորումը հաճախ է դիմում ինքնասպանների հարձակումների՝ ռազմական և քաղաքական թիրախների դեմ ուղղված գործողություններ իրականացնելիս: