Սիրիայի կառավարությունը ուսումնասիրելու է արտակարգ իրավիճակի մասին օրենքի դադարեցման հնարավորությունը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ստեղծել է հանձնաժողով, որն ուսումնասիրելու է երկրում արդեն 50 տարի գործող արտակարգ իրավիճակի մասին օրենքի գործողության դադարեցման հնարավորությունը:

Պետական լրատվական գործակալությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ իրավաբան-փորձագետներից բաղկացած հանձնաժողովը նախապատրաստելու է հակաահաբեկչական մի շարք օրենքներ, որոնք հնարավոր կդարձնեն չեղյալ ճանաչել արտակարգ իրավիճակի մասին օրենքը: Հանձնաժողովն իր ուսումնասիրությունը պետք է ավարտի մինչև այս տարվա ապրիլի 25-ը:

Այս քայլով Սիրիայի ղեկավարությունը փորձում է խաղաղեցնել ընդդիմադիր ցուցարարներին, որոնք պահանջում են դադարեցնել ընդդիմության հավաքները արգելող օրենքի գործողությունը:

Նախագահ Ասադը չորեքշաբթի օրն առաջին անգամ հանդես է եկել երկրում տեղի ունեցող խռովություններին նվիրված ուղերձով, որում նա մեղադրել է օտարերկրյա քաղաքացիներին և սոցիալական կայքերը՝ իր վարչակարգը տապալելուն ուղղված «դավադրություն» իրականացնելու մեջ, սակայն չի նշել արտակարգ իրավիճակի մասին օրենքի գործողությունը դադարեցնելու մասին:

Միացյալ Նահանգների համաձայն, իր ուղերձում Ասադը որևէ կերպ չի անդրադարձել Սիրիայի ժողովրդի կողմից պահանջվող բարեփոխումներին, ինչպես նաև այն փոփոխություններին, որոնց մասին անդրադառնալն Ասադին խորհուրդ էին տվել իր օգնականները:

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Սիրիայում խռովությունների սկզբից մահացել է առնվազն 61 մարդ: